Հանրագիտարան

Հերբերտ Սփենսեր

Անգլիացի փիլիսոփա, հոգեբան, սոցիոլոգ, պոզիտիվիզմի հիմնադիրներից Հերբերտ Սփենսերը կողմանակից է եղել է սոցիալական դարվինիզմին և էվոլյուցիոնիզմին։ Էվոլյուցիայի գաղափարը նա կենդանի էակներից փոխադրել է բոլոր առարկաների ու երևույթների վրա։

Սփենսերն առանձնանում էր արտասովոր էրուդիցիայով և աշխատասիրությամբ: Նրա թողած գիտական ժառանգությունը ահռելի է: Ֆունդամենտալ 10 հատորից բաղկացած «Սինթետիկ փլիլիսոփայություն» աշխատությունը հրատարակվել է 1862-96թթ.: Այդ ուսումնասիրությունը ներառում է «Հիմնական սկզբունքներ» (1862), «Կենսաբանության հիմունքներ» (2 հատոր, 1864-1867), «Հոգեբանության հիմունքներ» (1870-1872), «Սոցիոլոգիայի հիմունքներ» (3 հատոր, 1876-1896), «Սոցիոլոգիան որպես ուսումնասիրության առարկա» (1903), «Բարոյագիտություն հիմունքներ» (1879- 1893) աշխատությունները:
 
Սփենսերի կենտրոնական գաղափարը էվոլյուցիան է: Էվոլյուցիա ասելով՝ նա հասկանում է անորոշ, անկապ միատարրությունից անցումը որոշակի, փոխկապակցված բազմատարրութան: Նա ցույց է տալիս, որ էվոլյուցիան դա մեզ շրջապատող աշխարհի բնորոշ հատկությունն է և դիտվում է ոչ միայն բնության բոլոր բնագավառներում, այլ նաև գիտության, արվեստի, կրոնի և փիլիսոփայության մեջ:
 
Սփենսերն առանձնացնում է էվոլյուցիայի երեք տեսակ`   ոչ օրգանիկ, օրգանիկ և վերօրգանիկ: Ոչ օրգանիկ էվոլյուցիան սոցիոլոգիայի ուսումնասիրության առարկան է, որը զբաղվում է ինչպես հասարակության զարգացման գործընթացի նկարագրությամբ, այնպես էլ այդ էվոլյուցիայի ընթացքի հիմնական օրենքներով:
 
Հասարակության կառուցվածքը նա համեմատում է կենսաբանական օրգանիզմի հետ. նրա առանձին միավորները հանդիսանում են օրգանիզմի առանձին միավորների նմանօրինակները, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր գործառույթը: Նա առանձնացնում է մարմինների երեք համակարգ`   աջակցող (արտադրություն), բաշխող (հողորդակցություն) և ռեգուլյատիվ (կառավարում): 
 
Յուրաքանչյուր հասարակություն գոյատևելու համար պետք է անընդհատ հարմարվի շրջակա միջավայրի նոր պայմաններին. այդպես տեղի է ունենում բնական ընտրությունը: Այդ հարմարվելու գործընթացի ընթացքում տեղի է ունենում հասարակության տարբեր մասերի մասնագիտացման խորացում: Արդյունքում, ինչպես հասարակությունը, այնպես էլ օրգանիզմը զարգանում է պարզ տեսակներից դեպի առավել բարդ տեսակներ:
 
Դեռևս իր կյանքի օրոք Սփենսերը ճանաչվեց որպես 19-րդ դարի առավել նշանավոր մտածողներից մեկը: Մեր օրերում նրա ավանդը գիտության և էվոլյուցիոն տեսության զարգացման գործում շարունակվում է բավականին բարձր գնահատվել, թեև ժամանակից սոցիոլոգների մեծամասնությունը նրա համեմատ առաջնությունը տալիս է Էմիլ Դյուրքհեյմին կամ Մաքս Վեբերին, որոնց աշխատությունները Սպենսերի օրոք ունեցել են անհամեմատ քիչ հռչակ:
 
Էվոլյուցիայի սփենսերյան համադրույթը որոշ ազդեցություն է ունեցել գեղարվեստական գրականության վրա (մասնավորապես`   Ջեկ Լոնդոնի, Թեոդոր Դրայզերի):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: