Հանրագիտարան

Ասատուր Ասատրյան

Հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Ասատուր Ասատրյանը ծնվել է Վանի վիլայեթի Բերդակ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է մանկատներում:
1933-ին ավարտել է Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտը: Սովորելուն զուգահեռ աշխատել է որպես «Հիդրոշինարար» թերթի խմբագիր։ 
 
Հետագայում եղել է Վաղարշապատի «Բամբակի համար» շրջանային թերթի խմբագիր։ 1935-1936-ին «Խորհրդային դպրոց» թերթ խմբագիրն էր։ 1935-1938թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1938-ից աշխատել է Արմֆանի գրականության ինստիտուտում որպես գիտաշխատող։ 
1941-ին «Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Երկար տարիներ եղել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նոր գրականություն բաժնի վարիչը։ Մասնակցել է հայ դասականների երկերի ակադեմիական հրատարակությունների պատրաստմանը։ Երիտասարդ տարիներին գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը տպագրվել են Ասուր Վերկառն ծածկանունով։ Հետո թողել է պոեզիան և զբաղվել բացառապես գրականագիտությամբ։ Մահացել է 1964-ին Երևանում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: