Հանրագիտարան

Երախտագիտության օր (ԱՄՆ)

Երախտագիտության օրն ԱՄՆ-ի ազգային տոներից է: Այն նշվում է յուրաքանչյուր տարվա նոյեմբեր ամսվա 4-րդ հինգշաբթի օրը և հայտնի է որպես առավել ժողովրդականություն վայելող տոներից մեկը: Երախտագիտության օրն առաջին անգամ նշվել է 1621 թվականին:
Այն Ամերիկա են «բերել» անգլիացիները, որոնք այդտեղ էին տեղափոխվել 1620 թվականի վերջերին`   «Մայիսյան ծաղիկ» նավով երկամսյա նավավարությունից հետո: Եվ հենց այդ ժամանակներից սկսած՝ տոնի հիմնական էությունը երախտագիտություն հայտնելն է Աստծուն:
 
Իսկ ահա եղանակի ընտրությունը`   աշնան վերջ, պայմանավորված էր առատ բերքով ու բարեբերությամբ: Եվ ահա ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի հրահանգով 1789 թվականին Երախտագիտության օրը հռչակվեց որպես ազգային տոն: 
 
Իսկ ինչպե՞ս են նշում այս տոնը ամերիկացիները. առաջինն ու ամենակարևորն այն է, որ այս օրը ընտանքի բոլոր անդամները պարտադիր այցելում են եկեղեցի, իսկ երեկոյան հավաքվում են տոնական ընթրիքի սեղանի շուրջ: Ամերիկացիները փորձում են սննդով օգնել իրենց աղքատ ազգակիցներին:
 
Նույնիսկ մետրոյի կայարանների շրջակայքում դրվում են հատուկ սեղաններ, որոնց վրա յուրաքանչյուրը կարող է նվիրաբերել այն, ինչ ցանկանում է: Հետաքրքիր է նաև մամուլի ու լրատվամիջոցների ակտիվությունը:
 
Թերթերում այդ օրը հաճախ կարելի է կարդալ այսպիսի հայտարարություններ՝ «Ձեր նվիրաբերած $1.90-ով Դուք կարող եք կերակրել անտունին կամ աղքատ հայրենակիցներին: Նվիրաբերելով $19`   Դուք կօգնեք կերակրել 10 աղքատների»:
 
Երախտագիտության օրվա երկրորդ պարտադիր ու առանձնահատուկ խորհրդանիշը ընթրիքի սեղանին հնդկահավի առկայությունն է: Համաձայն պատմության`   այս օրվա առաջին տոնակատարության ժամանակ հնդկահավ են պատրաստել, ինչն էլ վերածվել է ավանդույթի:
 
Երրորդ կարևորագույն ու տոնի անբաժան մասնիկը շքերթներն ու տոնակատարություններն են, որոնց ժամանակ մասնակիցները հիմնականում կրում են 17-րդ դարին բնորոշ հագուստներ: Տոնը նշվում է նաև Կանադայում: Այստեղ այդ օրը պատրաստում են խնձորի կարկանդակ և պելմենի հնդկահավի լցոնով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: