Հանրագիտարան

Ուոլթ Դիսնեյ

Ուոլթ Դիսնեյը ծնվել է 1901թ. դեկտեմբերի 5-ին Չիկագոյում: Աշխատել սկսել է մանուկ հասակից: Ութ տարեկանից սկսած՝ նա արթնանում էր առավոտյան 3:30 և թերթեր բաժանում, իսկ ստացած ողջ գումարը տալիս էր հորը: 15 տարեկանում նա դադարում է թերթեր բաժանել և սկսում է զբաղվել ժելեի արտադրությամբ: Հենց դրանով էր զբաղվում նրա հայրը, ով երկար ժամանակ գտնվում էր աղքատության մեջ: Ուոլթը մեծ հաճույքով էր անում իր գործը:
Բայց նրա ամենամեծ նախասիրությունը մնում էր ամենատարբեր նկարներ նկարելը: 1920թ. նա ավարտում է Չիկագոյի արվեստի համալսարանը: Այդ ժամանակ էլ սկսնակ նկարիչ Ուոլթի առջև հարց է ծագում`   որտե՞ղ աշխատել:
 
Սկզբում նա աշխատանք է գտնում ռեստորաններից մեկում, որտեղ պահանջվում էին ուրախ գովազդային նկարներ: Տնօրենը դժվարությամբ է աշխատանքի ընդունում Ուոլթին, բացի այդ, վճարում էր շաբաթական ընդամենը 50 դոլար:
 
Սկսելով լրջությամբ հետաքրքրվել անիմացիաներով`   Ուոլթը որոշում է հեռանալ աշխատանքից և ճանապարհ է ընկնում դեպի Հոլիվուդ: Սակայն գալով այստեղ`   նա բախվում է բազմաթիվ այլ խնդիրների:
 
Ուոլթը, սակայն, չէր պատրաստվում հանձնվել: Նա սկսում է այցելել տարբեր գործակալություններ և ընկերություններ, անում ամեն ինչ, միայն թե գտնի հարմար աշխատանք: Եվ մի անգամ նա հանդիպում է անկախ գործակալ Մաքս Ֆլեյշերին, ով զբաղվում էր տարբեր ֆիլմեր հոլիվուդյան «առաջին շարքեր» դուրս բերելով:
 
Ուոլթը նրան առաջարկում է փոխշահավետ համագործակցություն`   բացատրելով, որ նրանից պահանջվում է միայն այնպես անել, որ իր մուլտիպլիկացիոն նկարները հասանելի դառնան հասարակությանը: Ընդ որում՝ եկամուտի հիմնական բաժինը ստանալու էր գործակալը:
 
1927 թվականին Դիսնեյը ստեղծում է ուրախ մկնիկ Մորտիմերիին՝ ապագա Միկի Մաուսին: Նրա մասին առաջին մուլտֆիլմը ձայնային մուլտֆիլմ էր, բայց մուլտֆիլմի ֆոնի վրա ուղղակի հնչում էր սովորական երաժշտություն: Սակայն Միկի Մաուսի մասին հաջորդ մուլտֆիլմը փոխում է բոլոր պատկերացումները ձայնային մուլտիպլիկացիոն նկարների վերաբերյալ:
 
1928 թվականին Դիսնեյի գլխավորությամբ ստեղծվում է առաջին իսկական ձայնային մուլտֆիլմը: Մուլտֆիլմը մեծ հաջողություն է ունենում: Սկսվում է Դիսնեյի հաջողության ճանապարհը:
 
Սակայն նա անընդհատ շարունակում էր ինչ-որ նոր բաներ հորինել: Որոշ ժամանակ անց նա ստեղծում է իր առաջին մուլտիպլիկացիոն շարքը: Ապա ստեղծվում է նաև առաջին երկարամետրաժ մուլտֆիլմը:
 
1953թ. Դիսնեյը որոշում է կառուցել Դիսնեյլենդը`   ինքնատիպ զբոսայգի երեխաների համար, որտեղ կլինեին նաև Միկի Մաուսը, նրա կին Մինին և այլ տիկնիկ-կերպարներ: Դիսնեյլենդի բացումը տեղի է ունենում 1958թ.:
 
Հազարավոր երեխաների համար այն դառնում է ամենասիրելի վայրը: Այն հարցին, թե ինչու եք Դուք բացել այս զբոսայգին, Դիսնեյը պատասխանել  է. «Ես ուզում եմ ապացուցել, որ մանկությունը մեր կյանքի ամենահիանալի հատվածն է»:
 
Պատճառներից մեկն էլ, որի համար Դիսնեյը կառուցում է զվարճանքների քաղաքը, այն էր, որ նա չէր ունեցել երջանիկ մանկություն և որոշում է այնպես անել, որ մնացած երեխաների մանկությունը չլինի այնպիսին, ինչպես իրենն էր: 
 
Ուոլթ Դիսնեյի մանկական երազանքի իրականացումը «Walt Disney Productions» ընկերության հիմնումն էր. ավելի քան 100 ֆիլմի ծնունդ, 26 «Օսկար» մրցանակ, աշխարհում առաջին հսկայական «Disnayland» զվարճանքների քաղաքը և նրա մուլտֆիլմների միլիոնավոր երկրպագուներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: