Հանրագիտարան

Ուինսթոն Չերչիլ

Չերչիլը ( նոյեմբեր 30, 1874թ. - հունվար 24, 1965թ.) եղել է Միացյալ Թագավորության վարչապետը 1940-1945 և 1951-1955 թվականներին, ինչպես նաև Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ, գրականությունից Նոբելյան մրցանակի դափնեկիր:

Ծնվել է Մարլբորո հերցոգների Բլեինհեիմ պալատում: Նրա հայրը՝ լորդ Ռենդոլֆ Սպենսեր Չերչիլը, ճանաչված քաղաքական գործիչ էր, նա պառլամենտի Հանրային պալատի պատգամավոր էր: Ինչպես և հետո Ուինսթոնը, նրա հայրն էլ Պահպանողական կուսակցության անդամ էր:

Ուիսթոնի մայրը՝ Ջենի Ջերոմը, ամերիկյան հարուստ ձեռնարկատիրոջ դուստր էր: Ինչպես ընդունված է շատ արիստոկրատ ընտանիքներում, մեկ տարեկանից արդեն փոքրիկ Ուինսթոնի մասին հոգ էր տանում նրա դայակը՝ Էլիզաբեթ Էվերեստը, որին նա սովորաբար «Պառավ կին» էր անվանում:

Ութ տարեկան հասակում Ուինսթոնը դառնում է Սենտ Ջորջ նախակրթական դպրոցի սան, որտեղ հաճախ խախտելով կարգը, ենթարկվում է պատժի, իսկ քանի որ դպրոցում ընդունված էր պատժել ծեծի միջոցով, Էլիզաբեթը նկատում է պատանու կապտուկները, որից հետո նրան տեղափոխում են Բրայտոն՝ Թոմսոն քույրերի դպրոց:
 
Տեղափոխվելուց հետո նա սկսում է բավական լավ սովորել, սակայն առաջադիմությամբ չէր փայլում: Երբ 1886թ. նա հիվանդանում է թոքաբորբով, նրա թույլ առողջությունը և ոչինչ չխոստացող առաջադիմությունը պատճառ են դառնում, որ ծնողները նրան ուղարկեն ոչ թե Իթոնի թագավորական քոլեջ, այլ ոչ պակաս անվանի Հարոու դպրոց:
 
Հարոու դպրոցում սովորելիս 1889թ. Ուինսթոնին փոխադրում են հատուկ զինվորական թեքումով դասարան: Պատանի Ուինսթոնը դպրոցում այն տասներկու աշակերտներից մեկն էր, որ կարողանում է հանձնել ավարտական քննությունները բոլոր առարկաներից: Նրա մոտ դիտվում է բարձր հետաքրքրություն պատմության հանդեպ, իսկ 1892թ. սուսերամարտից դառնում է դպրոցի չեմպիոն: 
 
1893թ. Ուիսթոն Չերչիլն ընդունվում է Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա՝ ամենաանվանի ռազմական ուսումնական հաստատություններից մեկը: Մոտ մեկ տարի ակադեմիայում ուսանելուց հետո՝ 1895թ.-ի փետրվարի 2-ին, ստանում է կրտսեր լեյտենանտի կոչում, նույն տարում էլ նա կրում է երկու ծանր կորուստ՝ մահանում են նրա հայրը և սիրելի դայակը:
 
1905թ. դեկտեմբերի 12-ին Չերչիլը նշանակվում է Բրիտանական գաղութների գործերով նախարարի տեղակալ, 1908թ.՝ Առևտրի և արդյունաբերության նախարար:1910թ. փետրվարի 14-ին Չերչիլը 35 տարեկանում նշանակվում է Ներքին գործերի նախարար:
 
Նոյեմբերի 15-ին մեկնում է Արևմտյան ճակատ և գնդապետի կոչումով գլխավորում է Շոտլանդիայի թագավորական ֆուսիլիերների 6-րդ վաշտը։ 1917թ. նշանակվում է Սպառազինությունների նախարար, իսկ 1919թ. հունվարին՝ Ռազմական և ավիացիայի նախարար։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: