Հանրագիտարան

Հեռուստատեսության համաշխարհային օր

1998 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նոյեմբերի 21-ը հռչակեց որպես Հեռուստատեսության համաշխարհային օր (World Television Day): Կազմակերպությունը պետություններին հորդորում էր տոնել այդ օրն այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված կլինեն խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև մշակութային խնդիրներին: Ներկայումս աշխարհում չկա այնպիսի պետություն, որը չունենա հեռուստատեսություն:
Հեռուստատեսության պատմությունն սկսվել է տասնամյակներ առաջ: Ռուսական ծագումով ամերիկացի ինժեներ Վլադիմիր Զվորիկինին 1933թ.-ին հաջողվել է ստեղծել կատոդային տրուբկա, որը մինչ այժմ շատ հեռուստացույցների գլխավոր դետալն է:
 
Նրա հայտնագործության շնորհիվ 1936 թվականից կանոնավոր հեռարձակումներ են սկսվել Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, իսկ 1941 թվականից նաև ԱՄՆ-ում: Եվրոպայում, սակայն, հեռարձակումը լայն տարածում է գտել միայն 20-րդ դարի 50-ական թթ.-ից:
 
1956թ.-ի նոյեմբերի 29-ի առաջին փորձնական հաղորդումից հետո հայկական հեռուստատեսությունը դարձավ մեր կյանքի անբաժանելի ընկերը: Հեռուստատեսությունը, բացի աշխարհի անցուդարձի մասին մանրամասն տեղեկություններ հաղորդելուց, դարձել է հասարակական կարծիքի ձևավորման հզոր միջոց:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: