Հանրագիտարան

Համազասպ Բաբաջանյան

1906 թվականի փետրվարի 18-ին Չարդախլվի բնակիչ Խաչատուր Բաբաջանյանի ընտանիքում ծնվեց երրորդ արու զավակը`   ապագա «Ոսկե աստղի» կավալեր, Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը:
1915 թ. նրանք ընտանիքով տեղափոխվում են Թբիլիսի, որտեղ նա ընդունվում է հայկական դպրոց, բայց չի ավարտում այն, նորից վերադառնում են գյուղ և մինչև 1925 թվականը զբաղվում է հողագործությամբ: 19-ը տարեկանում Համազասպն առաջին անգամ հագնում է զինվորականի համազգեստ: Սկզբում նա սովորում է Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցում, ապա փոխադրվում Անդրկովկասյան զինվորական հետևակային ուսումնարան (Թիֆլիս):
 
Ռազմական դպրոցն ավարտելուց հետո Համազասպ Բաբաջանյանը նշանակվում է Կովկասյան չորրորդ հետևակային գնդի դասակի հրամանատար: Շատ ժամանակ չանցած՝ նա դառնում է վաշտապետ, ապա գումարտակի հրամանատար: Ակադեմիան ավարտելուց հետո նա նշանակվում է Անդրկովկասյան զինվորական օկրուգի կորպուսի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, հետո տեղափոխվում Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ) և ծառայում որպես գնդի հրամանատարի տեղակալ: 
 
Առաջին մարտական մկրտությունը Հ. Բաբաջանյանն ստացել է 1939-1940 թվականների ձմռանը սպիտակ ֆինների դեմ մղված կռիվներում: Ցուցաբերած քաջության ու խիզախության համար արժանանում է խրախուսանքի: Դրանից հետո նա փոխադրվում է 19-րդ բանակ, նշանակվում շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ: 1941 թվականի կեսերին 19-րդ բանակը փոխադրվում է ԽՍՀՄ արևմտյան սահման: Այստեղ էլ այդ բանակը դիմավորում է Հայրենական մեծ պատերազմը: 
 
1941 թվականի աշնանը Հ. Բաբաջանյանը նշանակվում է 395-րդ հետևակային գնդի հրամանատար: Կարմիր բանակի պատմության մեջ առաջին անգամ գվարդիայի կոչում է շնորհվում 127-րդ դիվիզիային, որի կազմում էր նաև Հ. Բաբաջանյանի ղեկավարած գունդը: Սմոլենսկից հետո Հ. Բաբաջանյանի գունդը մարտնչում է Դոնի Ռոստովի մատույցներում, ապա Արևմտյան ռազմաճակատում: Վերադաս հրամանատարությունը 1942թ. գարնանը Բաբաջանյանին նշանակում է 3-րդ մեքենայացված բրիգադի հրամանատար:
 
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944թ. ապրիլի 26-ի հրամանագրով գվարդիայի փոխգնդապետ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում գերմանական զավթիչների դեմ մղվող պայքարում հրամանատարության առաջադրանքներն օրինակելիորեն կատարելու և մարտերում ցուցաբերած հերոսության ու խիզախության համար:
 
1949-1950 թվականներին Բաբաջանյանը ծառայում էր Գերմանիայում որպես բանակի շտաբի պետ, բանակի հրամանատար և Մերձկարպատյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ (1950-1959թթ.), իսկ 1959-1967 թվականներին ծառայում է Օդեսայի զինվորական օկրուգի հրամանատար, Ռ. Մալինովսկու անվան զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ:
 
1975թ.-ին նրան շնորհվում է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում: Նա միշտ ակտիվ մասնակցություն էր ունենում հասարակական-քաղաքական կյանքին: 1928 թվականից ԽՄԿԿ-ի անդամ էր և ակտիվորեն կատարում էր իրեն հանձնարարված բոլոր աշխատանքները: Ընտրվել է ԽՍՀՄ 6-րդ և 7-րդ գումարումների Գերագույն խորհուրդների, Խորհրդային Հայաստանի 4-րդ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ, կուսակցական մի շարք համագումարների և համաժողովների պատգամավոր: 
 
Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը պարգևատրվել է Լենինի չորս, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի չորս, Սուվորովի առաջին և երկրորդ, Կուտուզովի առաջին, Հայրենական պատերազմի I և II աստիճանի, Խորհրդային Միության զինված ուժերում հայրենիքի ծառայության համար III աստիճանի, Կարմիր աստղի, արտասահմանյան բազմաթիվ պետությունների շքանշաններով ու մեդալներով:
 
Նրա քաջարի աշխատանքը միշտ գնահատվել է վերադաս համապատասխան օրգանների կողմից: Բաբաջանյանը խորհրդային զորավարների համաստեղության փայլուն դեմքերից էր և սիրված հասարակության շրջանում, առանձնապես՝ չարդախլվեցիների՝ իր հարազատ գյուղի բնակիչների շրջանում: Համազասպ Բաբաջանյանը հրաժեշտ տվեց կյանքին 1977թ. նոյեմբերի 1-ին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: