Հանրագիտարան

Առաջին անգամ հրատարակվել է «Աշտարակ» թերթը

«Աշտարակը» Խորհրդային Հայաստանում լույս տեսնող շրջանային թերթ էր: Եղել է ՀԿԿ Աշտարակի շրջկոմի ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհուրդների օրգանը: Լույս է տեսել նաև «Այգեգործ կոլխոզնիկ» (1931-35թթ.), «Այգեգործ կոլտնտեսական» (1956-62թթ.) և «Արագած» (1963-72թթ.) անուններով:
Հրատարակվել է 1931 թվականի հոկտեմբերի 31-ից ընդհուպ մինչև Խորհրդային Հայաստանի փլուզման տարիները, նույնիսկ մի քանի տարի անկախ Հայաստանի գոյության սկզբնական տարիները`   90-ականների կեսը: Լույս է տեսել հիմնականում երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Լուսաբանել է Աշտարակի շրջանի տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքը:
 
Թերթը տպագրվել է ՀՍՍՀ հրատպետկոմի Աշտարակի շրջհրատի տպարանում: Նրա երկարամյա խմբագիրն է եղել Կ.Ս. Նիկողոսյանը: Թերթում են աճել ու իրենց ստեղծագործական ուղին հարթել գրողներ Վարդգես Պետրոսյանը, Ժիրայր Նորայրի Ավետիսյանը, Գևորգ Էմինը, Մուշեղ Գալշոյանը, Արևշատ Ավագյանը, Ղուկաս Սիրունյանը և այլք:
 
Հանրապետությունում համարվել է լավագույն տպագիր օրգաններից մեկը: Հայտնի է եղել «Քարաբաղնիս» երգիծական էջով: Տարբեր տարիներ թերթում են աշխատել նաև Նորայր Զորյանը, Արտավազդ Նազարյանը, Սերժ Մանուկյանը, Առաքել Ջրաղացպանյանը,Նորայր Ղոնաղչյանը, Վահան Ամատունին, Համլետ Միքաելյանը, Նվեր Ինջիղուլյանը, Սաթենիկ Զորյանը, Միշա Ոսկանյանը և այլք: 1988 թվականի տվյալներով թերթն ունեցել է 6000 տպաքանակ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: