Հանրագիտարան

Ռաֆայել Աթայան

Հայ արձակագիր, գրականագետ, մանկավարժ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ Ռաֆայել Արշակի Աթայանը ծնվել է 1907թ.-ի հոկտեմբերի 30-ին և մահացել 1990թ.։ Բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Արշակ Աթայանի որդին է։
Ծնվել է Նոր Ջուղայում (Իրան): Միջնակարգ կրթությունն ստացել է Նոր Ջուղայի հայկական դպրոցում և անգլիական քոլեջում։ 1923թ.-ին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: 1927թ.-ին ավարտել է Երևանի համալսարանը: 1923-1925թթ.-ին որպես անգլերենի թարգմանիչ աշխատել է Արմենտայում (հետո`   Արմենպրես), 1925-1928թթ.-ին`   «Ավանգարդ» թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1928-1934թթ.-ին`   «Խորհրդային Հայաստան» օրաթերթում որպես բաժնի վարիչ, ապա պատասխանատու քարտուղար, 1934-1935թթ.-ին`   Պետհրատում որպես գեղարվեստական գրականության բաժնի վարիչ և գլխավոր խմբագիր։ 1943-1944թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։
 
1944-1983թթ.-ին աշխատել է մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Հայերենով և ռուսերենով գրել է մանկավարժական-գրականագիտական աշխատություններ։ 1948թ.-ին «Կրասնոդոնի երիտգվարդիականները Ա. Ֆադեևի պատկերումով» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1948-1957թթ.-ին դասախոսել է Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում՝ վարելով հայ և ռուս գրականությունների ամբիոնը։ Կազմել է (հեղինակակցությամբ) գրականության դասագիրք 5-րդ դասարանի համար (հրատ. 1969-1979թթ.-ին)։ Նրա «Մայա» վիպակն արժանացել է Հայպետհրատի 1949թ.-ին հրատարակած մանկապատանեկան գրականության մրցանակաբաշխության երկրորդ մրցանակի։
 
Թարգմանվել և ռուսերեն տպագրվել են նրա «Զարթոնք», «Սպարտակ», «Մրրիկի թևով» վեպերը (1966-1972թթ.)։ Այս եռագրությունը երկրորդ անգամ ռուսերենով լույս է տեսել Մոսկվայում, 1980թ.-ին։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Ռուս գրականությունը հայկական դպրոցներում դասավանդելու փորձից» (Երևան, 1948թ.), «Ռուսերեն ինքնուրույն գրավոր աշխատանքների համակարգի մասին» (Երևան, 1951թ.), «Ակնարկներ հայկական դպրոցներում ռուս գրականության դասավանդման» (Երևան, 1949թ.)։ 1985թ.-ին Մոսկվայում ռուսերենով լույս է տեսել նրա «Գտնենք կորցրածը» վիպակ եռերգությունը։ Դպրոցին և մանկավարժական գիտությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի անվան մեդալով (1972թ.)։ 1985թ.-ին պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: