Հանրագիտարան

Ավետիք Իսահակյան

Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Ա. Իսահակյանը (հոկտեմբեր 30, 1875թ., Ալեքսանդրապոլ - Հոկտեմբեր 17, 1957թ., Երևան) սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893թ.-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան որպես ազատ ունկնդիր: Գրական գործունեությանը զուգահեռ զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ։
1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտե, մասնակցել Ալեքսանդրապոլից Արևմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենքի և դրամական միջոցների հայթհայթման գործին։ 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի անցկացրել Երևանի բերդում: 
 
Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897թ.), սակայն շուտով կրկին ձերբակալվել է և որպես ցարական միապետության դեմ պայքարող «Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ աքսորվել է Օդեսա:
 
1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899-1906 թթ. ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը:
 
1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների՝ Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հովհաննես Թումանյանը) խոշոր գրավով ազատվել է կալանքից: 
 
Կովկասում մնալն այլևս անհնար էր, և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահման: Առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի քաղաքականության վերաբերյալ։ Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանի ստեղծագործությունում արտացոլվել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը:
 
Բանաստեղծը ձեռնամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում ներկայացել է հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը վերաբերում էր Հայկական հարցին, Հայաստանի վերամիավորման խնդրին, հայկական պետականության վերականգնմանը:
 
Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։ XIX դարի վերջի և XX դար սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որն ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ:
 
«Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանն այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...»,-սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:
 
1926 թվականին Իսահակյանն այցելեց Խորհրդային Հայաստան: Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը», 1928 թ.)։ Վերադարձավ արտասահման 1930թ. և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականը: 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։ Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946թ.), 1946–1957 թթ. Հայաստանի գրողների միության նախագահն է եղել:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: