Հանրագիտարան

Ներսես Ակինյան

Ներսես Ակինյանը (ավազանի անունը`   Գաբրիել, 10.9.1883, Արդվին – 28.10.1963, Վիեննա)բանասեր է, ձեռագրագետ, պատմաբան, մանկավարժ: Եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1901), Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դափնեկիր (1954): Նախնական կրթությունն ստացել է Արդվինում, ապա 1895-ին ընդունվել Վիեննայի Մխիթարյանների վարժարանը:
Համալսարանի դասընթացներն ավարտելուց հետո՝ 1907-ին, ձեռնադրվել է քահանա և պաշտոնավարել Վիեննայի Մխիթարյանների Մայրավանքում. 1907-ին`   ուսուցիչ դպրեվանքում, 1908–11-ին`   փոխտնօրեն, 1916–20-ին`   տնօրեն, 1909–63-ին`   միաբանության մատենադարանապետ, միաժամանակ (ընդհատումներով)`   «Հանդես ամսօրյայի» խմբագիր:
 
1931-ին ընտրվել է Մխիթարյան միաբանության ընդհանուր վարչության անդամ, 1931–37-ին`   Մայրավանքի մեծավոր, հյուրընկալ: Հայ մշակույթն ուսումնասիրելու համար շրջել է «երկրէ երկիր», «բախել ամեն դուռ», հավաքել բազմահազար հայերեն ձեռագիր ու տպագիր գրքեր: 1912-ին Սբ. Էջմիածնում մասնակցել է Գևորգ Ե Սուրենյանցի կաթողիկոսական օծմանը, այցելել Գառնի, Այրիվանք, Անի, ապա և ուրիշ հնավայրեր: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դրամ է հանգանակել, օգնել հայ տարագիրներին ու գերիներին: 1923–29-ին աշխատել է Սբ. Էջմիածնի ձեռագրատանը:
 
1929-ին կալանավորվել է, 40 օր անց ազատվելով`   ստիպված հեռացել է Հայաստանից: Այնուհետև շարունակել է իր ուսումնասիրությունները Բեռլինում, Մյունխենում, Տյուբինգենում, Փարիզում, Լեհաստանում, Հռոմում, Լիվոռնոյում, Երուսաղեմում: Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով յոթ տարի մնացել է Բեյրութում, 1946-ի աշնանը վերադարձել Վիեննա: Ակինյանը թողել է ավելի քան 40 ուսումնասիրություն, որոնք վերաբերում են միջնադարյան մատենագրության ու հայագիտության տարբեր հարցերի վերլուծմանն ու բնագրագիտական խնդիրներին: Հայագիտությունը Ակինյանին է պարտական աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերեն բազմաթիվ ձեռագրերի բովանդակությանը ծանոթանալու համար: Մահացել է 1963թ.-ի հոկտեմբերի 28-ին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: