Հանրագիտարան

Գևորգ Ե Սուրենյանց

Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը ծնվել է 1847թ. օգոստոսի 28-ին, սովորել է Թիֆլիսի դասական գիմնազիայում (1865–1868): Ձեռնադրվել է վարդապետ՝ 1872 թվականին, եպիսկոպոս՝ 1882 թվականին: 1874թ.-ին նշանակվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ուսուցիչ, 1875 թվականին՝ Արցախի թեմի առաջնորդ և դպրոցների տեսուչ:
1877 թվականին ստանձնել է Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքի վանահայրությունը, 1878թ.-ից՝ առաջնորդական փոխանորդ Ալեքսանդրապոլում, 1881թ.-ին նշանակվել է Երևանի փոխթեմակալ: 1886թ.-ից՝ Աստրախանի թեմի առաջնորդ: 1894-ին նշանակվել է Վրաստանի թեմի առաջնորդ: 1907թ. նշանակվել է կաթողիկոսական տեղապահ, 1911թ.՝ ընտրվել կաթողիկոս:
 
1912թ.-ին, երբ Հայկական հարցը վերստին մտնում է միջազգային դիվանագիտության օրակարգ, նրա նախաձեռնությամբ կազմվում է Հայ ազգային պատվիրակությունը (Պողոս Նուբարի ղեկավարությամբ), որի վրա դրված էր Հայ դատը եվրոպական կառավարությունների առջև պաշտպանելու առաքելությունը:
 
Նրա ջանքերով թեմում նորոգվել են եկեղեցիներ, կառուցվել նորերը, բացվել են նոր դպրոցներ, ուսումնական հաստատություններ, ստեղծվել է «Թիֆլիսի հայ քահանաների միաբանությունը»: Հովանավորել է Մակար Եկմալյանին և նրա մշակած քառաձայն պատարագը մտցրել եկեղեցի: Մեծ եղեռնի ժամանակ և հետագա տարիներին, հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ Հայ եկեղեցին օգնել է բազմահազար աղետյալների: 
 
1914թ.-ի դեկտեմբերի 28-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով և նրա անմիջական նախագահությամբ ստեղծվել է Եղբայրական օգնության կոմիտեն, որն զբաղվել է վիրավոր հայ կամավորներին և տասնյակ հազարավոր փախստական հայերին օգնություն ցուցաբերելու խնդիրներով: Եղբայրական օգնության կոմիտեի բաժանմունքներ են ստեղծվել Երևանում, Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Պետրոգրադում, Մոսկվայում և այլուր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: