Հանրագիտարան

Լուիս Բորխես

1899 թվականի օգոստոսի 24-ին ծնվել է արգենտինացի գրող, էսսեիստ, թարգմանիչ Խորխե Լուիս Բորխեսը: 9 տարեկան հասակում նա իսպաներեն է թարգմանել Օսկար Ուայլդի «Երջանիկ արքայազնը» ստեղծագործությունը, որը լույս է տեսել տեղական ամսագրերից մեկում։ Գրողի ընկերները կարծում էին, որ ստեղծագործության իրական թարգմանիչը Բորխեսի հայրն է եղել։
1921 թվականին սկսել է հրատարակել իր բանաստեղծությունները և էսսեները սյուրռեալիստական բնույթի ամսագրերում։ 1955թ․ Բորխեսը նշանակվել է Բուենոս Այրեսի Ազգային գրադարանի տնօրեն, ինչպես նաև սկսել է գրականության վերաբերյալ դասախոսություններ կարդալ Բուենոս Այրեսի համալսարանում։ 1971թ․ ստացել է Երուսաղեմի անվան մրցանակ։ Բորխեսի ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք երկրներում։
 
1967 թվականին Բորխեսը ամուսնացել է Էլզա Աստետ Միլանի հետ։ Զույգի ամուսնական կյանքը տևել է ընդամենը 3 տարի։ Օրինական ամուսնալուծությունից հետո Բորխեսը տեղափոխվել է մոր մոտ և ապրել վերջինիս կողքին մինչ նրա մահը։
 
1975 թվականից արգենտինացի գրողը ճանապարհորդել է տարբեր երկրներով մեկ։ Ճանապարհորդության ողջ ընթացքում գրողին ուղեկցել է իր անձնական օգնական Մարիա Կադոման, որի հետ էլ ամուսնացել է իր մահվանից մի քանի ամիս առաջ։
 
Բորխեսի՝ արգենտինական մշակույթի նկատմամբ ունեցած հակումը հիմնականում կապված է նրա ընտանեկան տոհմածառի հետ։ Գրողի`   ծնունդով անգլիացի տատը ամուսնացել է արգենտինացի Ֆրանչեսկո Բորխեսի հետ, որը պատմական մեծ դեր է ունեցել քաղաքացիական պատերազմներում, որոնց արդյունքում էլ Արգենտինան և Ուրուգվայը ճանաչվել են որպես անկախ պետություններ։
 
«Կիրք Բուենոս Այրեսի հանդեպ» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն համարվում է Բորխեսի առաջին գիրքը, որը լույս է տեսել 1923 թվականին։ Նրա ստեղծագործությունների զգալի մասը նվիրված է արգենտինական մշակույթին («Տանգոյի պատմությունը»), ինչպես նաև գրականությանը («Արգենտինացի գրողը և ավանդույթը»)։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: