Հանրագիտարան

Արկադի Ղուկասյան

Ա. Ղուկասյանը ծնվել է 1957թ. հունիսի 22-ին Ստեփանակերտում: 1974թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը, 1979թ.`   Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեությունն սկսել է 1980թ. «Սովետական Ղարաբաղ» («Սովետսկի Կարաբախ») թերթում`   սկզբում որպես թղթակից, իսկ 1981թ.-ից`   գլխավոր խմբագրի տեղակալ:
 
1988թ.-ից ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից է: 1992թ. Արկադի Ղուկասյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին գումարման խորհրդարանի պատգամավոր: 1992թ. սեպտեմբերին Ա. Ղուկասյանը նշանակվում է ԼՂՀ Պաշտպանության Պետական Կոմիտեի (ՊՊԿ) նախագահի քաղաքական հարցերով խորհրդական: Միաժամանակ նա կատարում է Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման բանակցություններում Լեռնային Ղարաբաղի պատվիրակության ղեկավարի գործառույթները:
 
1993թ. հուլիսին ԼՂՀ-ում ստեղծվում է արտաքին գործերի նախարարություն, և այդ գերատեսչության առաջին ղեկավար է նշանակվում Ա. Ղուկասյանը: Նրա`   ԼՂՀ ԱԳՆ ղեկավար աշխատելու ժամանակ, ղարաբաղյան դիվանագիտությունը բանակցային գործընթացում հասել է ԼՂՀ-ի համար լուրջ դրական արդյունքների: 
 
Հատկապես նշանակալի է Ղուկասյանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի`   որպես հակամարտության կողմի, փաստացի միջազգային ճանաչման գործում: 1997թ. սեպտեմբերին անցկացված ԼՂՀ արտահերթ նախագահական ընտրություններում Ղուկասյանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ:
 
2002թ. օգոստոսի 11-ին կայացած նախագահական ընտրություններում նա վերընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ: Ա. Ղուկասյանը մի շարք միջազգային ակադեմիաների, մասնավորապես՝ Անվտանգության, պաշտպանության և իրավապահպանության հարցերով ակադեմիայի, Միջազգային հարաբերությունների գիտությունների ակադեմիայի, Բնության և հասարակության մասին գիտությունների ակադեմիայի, Ազգային անվտանգության հիմնախնդիրների մասին գիտությունների ակադեմիայի և Ժողովուրդների հոգևոր միասնության ակադեմիայի պատվավոր անդամ է:
 
ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանն արժանացել է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե Արծիվ» շքանշանով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: