Հանրագիտարան

Գարեգին Առաջին

Գարեգին Ա-ն (օգոստոս 27, 1932թ. - հունիս 29, 1999թ.) եղել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս (1983-1994թթ.) և Ամենայն հայոց 131-րդ Կաթողիկոս (1995-1999թթ.)։ Նախնական կրթությունն ստացել է Քեսաբի Ուսումնասիրաց միացյալ վարժարանում, ապա ուսումնառությունը շարունակել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքում (1946-1952թթ.):
1949թ.-ին ձեռնադրվել է սարկավագ, 1952թ.-ին՝ կուսակրոն քահանա, վերակոչվել Գարեգին աբեղա՝ ի հիշատակ Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի, դարձել Կիլիկիո միաբանության ուխտի անդամ: Պաշտպանելով վարդապետական ավարտաճառը «Հայաստանյայց եկեղեցվո աստվածաբանությունը ըստ հայ շարականներու» թեմայով՝ 1955թ.-ին ստացել է վարդապետական աստիճան: Նույն թվականին պաշտոնավարել է Դպրեվանքում որպես ուսուցիչ և վերակացու, 1956թ.-ին ստանձնել Դպրեվանքի տեսչի պաշտոնը:
 
1957-1959թթ.-ին Գարեգին վարդապետն ուսումնառությունը շարունակել է Օքսֆորդի համալսարանում`   ավարտաճառ ներկայացնելով «Քաղկեդոնի ժողովը և Հայ եկեղեցին» (հրտ. 1965թ., անգլ., ունեցել է մի շարք վերահրատարակություններ) խորագրով աշխատությունը, ստացել է գրականության բակալավրի աստիճան:
 
1960թ.-ին կրկին ստանձնել է Դպրեվանքի տեսչի պաշտոնը: 1963թ.-ին ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան, 1964թ.-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1973թ.-ին նրան շնորհվել է արքության պատիվ և տիտղոս: 1971-1973թթ.-ին վարել է Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի (Նոր Ջուղա) թեմի, 1973-1977թթ.-ին՝ Հս. Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմի առաջնորդի պաշտոնը: 
 
1977թ.-ի մայիսի 2-ին ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո աթոռակից կաթողիկոս, 1983թ.-ին՝ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոս: 1992թ.-ից եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: 1995թ.-ին ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս:
 
Եղել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, աշխարհի մի շարք կրոնական ու գիտական հաստատությունների և համալսարանների պատվավոր դոկտոր: Մեծ է նրա ավանդը 1965թ.-ին ԱդիսԱբեբայում (Եթովպիա) Արևելյան ուղղափառ քույր եկեղեցիների պետերի համաժողովի կազմակերպման, ինչպես նաև Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդաժողովի ստեղծման գործում:
 
Դիտորդի կարգավիճակով մասնակցել է Վատիկանի II ժողովի երեք հաջորդական նիստերին (1963-1965թթ.) և Անգլիկան եկեղեցու Լամբեթի համաժողովին (1968թ.): ԵՀԽ-ում վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ, 1968թ.-ին ընտրվել ԵՀԽ Կենտրոնական և Գործադիր վարչությունների անդամ, իսկ 1975թ.-ի Նայրոբիի (Քենիա) համաժողովում՝ փոխատենապետ:
 
Այդ շրջանում աստվածաբանության, գրականության, պատմության և մշակույթի թեմաներով դասախոսել է ՀԲԸՄ Դարուհի Հակոբյան երկրորդական վարժարանում, Բեյրութի Համազգայինի Նշան Փալանճյան ճեմարանում, Համալսարանական քոլեջում, Ամերիկյան համալսարանում: 1976-1977թթ.-ին Լիբանանում բռնկված քաղաքացիական պատերազմի տարիներին մեծ դեր է խաղացել լիբանանահայությանն օժանդակելու գործում:
 
1983թ.-ին ընտրվելով Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոս`   զարկ է տվել ազգային-կրոնական, մշակութային և շինարարական աշխատանքներին: Հաստատել է քրիստոնեական դաստիարակության բաժանմունքը, նպաստել աստվածաբանական ուսուցման բարելավմանը:
 
Ընդարձակել ու արդիականացրել է Անթիլիասի Դպրեվանքը (1977թ.-ից Անթիլիասից փոխադրվել է Բիկֆայա), մեծ ուշադրություն դարձրել հրատարակչական գործին, հիմնել է «Հասկ» գիտաաստվածաբանական տարեգիրքը, նախաձեռնել թանգարան-մատենադարանի շենքի շինարարությունը:
 
1988թ.-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո Գարեգին Բ կաթողիկոսը Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի հետ իր մասնակցությունն է բերել աղետի գոտու բնակավայրերի վերականգնմանը, կազմակերպել օգնություն: 1995թ.-ին ընտրվելով Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ իր ջանքերն ուղղել է եկեղեցական կյանքի ներքին կարգավորմանն ու կազմակերպմանը:
 
Հայ եկեղեցու աշխատանքն առավել նպատակաուղղված դարձնելու նախանձախնդրությամբ վերափոխել է Հայաստանի թեմական կառուցվածքը: 1996թ.-ին հայաստանյան նախկին 4 թեմի փոխարեն ստեղծվել է 8 թեմ, հիմնվել են նաև Ուկրաինայի և Հվ. Ռուսաստանի թեմերը:
 
1997թ.-ի սեպտեմբերին՝ 80-ամյա ընդմիջումից հետո, վերաբացվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնովին վերանորոգված շենքը, սկսվել է ուսանողների համար նոր հանրակացարանի շինարարությունը: Այդ շրջանում բազմապատկվել է նաև ճեմարանի սաների թիվը՝ հասնելով շուրջ 120-ի:
 
Գահակալության կարճ ժամանակահատվածում Գարեգին Ա-ն հովվապետական այցելություններ է կատարել հայ եկեղեցու թեմեր և Կ. Պոլսի պատրիարքարան, նոր թափ հաղորդել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի էկումենյան գործունեությանը, պաշտոնական հանդիպումներ է ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, Մայր Աթոռում ընդունել մի շարք եկեղեցական և էկումենիկ պատվիրակությունների:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: