Հանրագիտարան

Գարեգին Բ կաթողիկոս

Հայ առաքելական եկեղեցու 132-րդ կաթողիկոս Գարեգին Բ-ն (ավազանի անունով Կտրիճ Ներսիսյան) ծնվել է 1951թ.-ի օգոստոսի 21-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում։
Նախնական կրթությունն ստացել է Ոսկեհատ գյուղում: 1965թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ 1970թ.-ի դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ։ 1971թ. գերազանց առաջադիմությամբ ավարտելով ճեմարանը՝ նշանակվել է տեսչի օգնական՝ միաժամանակ ճեմարանում դասավանդելով «Նոր Կտակարան»:
 
1972թ. ձեռամբ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Գարեգին աբեղա։ 1972թ. ուսումը շարունակել է Վիեննայի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում։ 1975թ. նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ ու շարունակել է աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում։
 
1979թ. ուսանել է Զագորսկիում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում։ 1980թ. նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնական, 1983թ. ապրիլին՝ առաջնորդական փոխանորդ։ Նույն տարվա հոկտեմբեր ամսին ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ 1992թ. ստացել արքության պատիվ և տիտղոս։
 
1989թ. Արարատյան հայրապետական թեմի հովանու ներքո Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է Սևանի Վազգենյան դպրանոցը։ 1992թ. նրա ջանքերի շնորհիվ մայրաքաղաքում գտնվող նախկին պիոներ պալատներից երեքը վերակազմավորվել են իբրև Հայորդյաց տներ, որտեղ հազարավոր երեխաներ ստանում են հոգևոր ու գեղագիտական կրթություն:
 
1990թ. Արարատյան հայրապետական թեմում հիմնել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որը համակարգում է եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական դաստիարակությունը թվով 56 հանրակրթական դպրոցներում:
 
1990թ.-ից նա Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է: 1995թ. կաթողիկոսական ընտրության ժամանակ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հավանական թեկնածուներից մեկն էր: Ընտրության երրորդ փուլում նա հանեց իր թեկնածությունը հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա Կաթողիկոսի:
 
1998թ. Գարեգին Ա Կաթողիկոսի կողմից նշանակվել է կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ: 1999թ. հոկտեմբերի 27-ին ազգային-եկեղեցական սրբագումար ժողովում Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է ծայրագույն պատրիարք և կաթողիկոս ամենայն հայոց՝ նոյեմբերի 4-ին ստանալով կաթողիկոսական ձեռնադրություն և օծում։ Վեհափառ հայրապետը Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսուցչապետն է։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: