Հանրագիտարան

Կլեոպատրա

Կլեոպատրա VII Թեա Փիլոպատորան («Աստվածուհի Հայրասեր») Հին Եգիպտոսի նշանավոր թագուհիներից է (մ.թ.ա. 51–30թթ.), Պտղոմեյանների արքայատոհմի (մ.թ.ա. 350–30թթ.) վերջին ներկայացուցիչը:
Կլեոպատրան Պտղոմեոս XI-ի դուստրն էր, Պտղոմեոս XII Դիոնիսոսի քույրը, կինը և գահակիցը (մ.թ.ա. 51թ.-ից): Իշխանության համար պայքարել է ամուսնու դեմ: Մ.թ.ա. 48թ. աքսորվել է Ասորիք:
 
48-47թթ. Հուլիոս Կեսարը պարտության է մատնել եգիպտական թագավորական զորքին և Եգիպտոսի թագուհի հռչակել Կլեոպատրա VII-ին: Կլեոպատրան եղել է Կեսարի սիրուհին, նրանից ունեցել է Կեսարիոն որդուն: Կեսարի սպանությունից (մ.թ.ա. 44թ.) հետո՝ 41թ.-ից դարձել է Մարկոս Անտոնիոսի դաշնակցուհին և սիրուհին, իսկ 37թ. նրանք ամուսնացել են: 
 
Մ.թ.ա. 34թ. իր պարթևական և հայկական արշավանքների ժամանակ Անտոնիոսը մտել է Հայաստան և հասել մինչև Արտաշատ: Հայոց Արտավազդ Բ արքան բանակցելու  նպատակով ներկայացել է հռոմեական ճամբար, բայց նրան ձերբակալել են և շթղայակապ տարել Անտոնիոսի մոտ: Հռոմեացի պատմիչ Տակիտոսն այդ արարքը բնութագրել է որպես «անբարո վերաբերմունք հայոց Արտավազդի նկատմամբ»: 
 
Անտոնիոսը Եգիպտոս է տարել Հայոց արքային և նրա ընտանիքը: Նա իր «հաղթանակի» առթիվ հաղթահանդես է կազմակերպել Ալեքսանդրիայում և հանդիսավորությամբ Կլեոպատրա VII-ին հանձնել ոսկե շղթաներով շղթայված Արտավազդ Բ-ին՝ ընտանիքով: Գերյալներին ազատություն են խոստացել՝ թագուհուն մեծարանքի խոսքեր ասելու պայմանով: Սակայն Հայոց արքան անցել է հպարտորեն ու չի մեծարել թագուհուն, որը ցնցող տպավորություն է թողել հանդիսականների վրա: Հույն ժամանակակից պատմիչը գրում է. «Հայերը ցույց տվեցին իրենց ոգու արիությունը և դրանով փառավոր անուն վաստակեցին»: Վիրավորված Կլեոպատրան Արտավազդ Բ-ին բանտարկել է:
 
Մ.թ.ա. 31թ.-ի սեպտեմբերի 2-ին Հունաստանի արևմտյան ափին՝ Ակտիումի (Ակցիում) հրվանդանի մոտ, ծովային ճակատամարտում Անտոնիոսը պարտություն է կրել եռապետ Գայոս Օկտավիանոսից և փախել Ալեքսանդրիա: Նույն տարվա հոկտեմբերին Կլեոպատրա VII-ի հրամանով Արտավազդ Բ-ն մահապատժի է ենթարկվել Ալեքսանդրիայում:
 
Օկտավիանոսից գերվելու վտանգն ստիպել է ինքնասպան լինել Անտոնիոսին ու Կլեոպատրա VII-ին: Կլեոպատրայի կերպարին անդրադարձել են գրողներ Վիլյամ Շեքսպիրը, Բեռնարդ Շոուն, նկարիչներ Ջովաննի Տիեպոլոն, Պիտեր Ռուբենսը և ուրիշներ, հայ գրականության մեջ՝ Արտավազդ Բ-ի ողբերգության հետ կապված`   Նաիրի Զարյանը, Վահագն Դավթյանը և ուրիշներ: Նկարահանվել են բազմաթիվ կինոնկարներ, որոնցից հանրահայտ է ռեժիսոր Ջոզեֆ Լեո Մանկևիչի «Կլեոպատրան»:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: