Հանրագիտարան

Վարդգես Պետրոսյան

Վարդգես Պետրոսյանը ծնվել է 1932թ. օգոստոսի 9-ին Աշտարակում: 1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը:
1954-1955թթ. աշխատել է Նոր Բայազետի շրջանային թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1955-1957թթ.՝ «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես գրական աշխատող, 1957-1961թթ. «Ավանգարդ» թերթում որպես պատասխանատու քարտուղար, ապա խմբագրի տեղակալ:
 
1961-1966թթ. եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիր, իսկ 1966-1975թթ.-ին՝ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը: 1975թ. մայիսից եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար: 1981թ.-ից ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին կից գրականության և արվեստի գծով պետական մրցանակների հանձնաժողովի նախագահն է եղել: Վ.Պետրոսյանն սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, հետո անցել է արձակի:
 
Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1947թ.-ին «Պիոներ Կանչ»-ում: Ռուսերեն լույս են տեսել նրա «Մամա, ես արդեն մեծ եմ» (Մոսկվա, 1964), «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (Մոսկվա 1973), «Դեղատուն «Անի»» (Մոսկվա 1979, գրքի մեջ մտնում են «Վերջին ուսուցիչը» վիպակը և մի շարք պատմվածքներ), «Հատընտիր» (1982թ. վիպակների և պատմվածքների ժողովածու) և ուրիշ գրքեր: 
 
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են լիտվերեն, լատիշերեն, անգլերեն, սերբո-խորվաթերեն, չեխերեն, վրացերեն և այլ լեզուներով: 1975թ.-ին բեմադրվել են նրա «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» պիեսը, բեմականացվել են «Վերջին ուսուցիչը» (1979), «Հայկական էսքիզներ» (1980), «Ապրած և չապրած տարիներ» (1982) գործերը:
 
Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում 1985թ.-ին բեմադրվել է նրա «Համր լեռան ճիչը» դրաման: Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» շքանշաններով: Մահացել է 1993թ. Երևանում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: