Հանրագիտարան

Կոնստանտին Ստանիսլավսկի

Կոնստանտին Ստանիսլավսկին ծնվել է 1863թ. հունվարի 17-ին: Բեմական առաջին փորձերն արել է 1877թ.-ից ընտանեկան «Ալեքսեևյան խմբակում»: 1878–1881թթ.-ին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1888թ. հիմնադրել է Արվեստի և գրականության ընկերությունը, որտեղ խաղացել է Բարոն, Ֆերդինանդ, Օթելլո և այլ դերեր:
Օժտված լինելով բնածին տաղանդով, վառ երևակայությամբ և բացառիկ հմայքով՝ Ստանիսլավսկին վաստակել է ականավոր դերասանի փառք: Ռեժիսորական աշխատանքներում ձգտել է գտնել գեղարվեստական ճշմարտությունն արտահայտող ավելի նուրբ արտահայտչամիջոցներ (Լև Տոլստոյի «Լուսավորության պտուղները», Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգը» և այլն):
 
Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի նորարարական բեմադրություններից են նաև Մաքսիմ Գորկու «Քաղքենիները», «Հատակումը», Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», «Ստեպանչիկովո գյուղը» (ըստ Ֆեոդոր Դոստոևսկու), Մորիս Մետեռլինկի «Կապույտ թռչունը» (Լեոպոլդ Սուլերժիցկու և Իվան Մոսկվինի հետ):
 
Ստանիսլավսկու՝ Դոկտոր Շտոկմանի (Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին») դերակատարումը թատերարվեստում գեղարվեստական մեծ երևույթ էր: Սատինի (Գորկու «Հատակում») դերը խաղացել է հեղինակին հարազատ ռոմանտիզմով և հզոր շնչով:
 
Ստանիսլավսկու երգիծական ձիրքը դրսևորվել է Ֆամուսովի (Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Արգանի (Ժան-Բատիստ Մոլիերի «Երևակայական հիվանդ»), Կավալեր Ռիպաֆրատտայի (Կառլո Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին») և այլ անձնավորումներում:
 
1910-ական թվականներից Ստանիսլավսկին սկսել է մշակել ստուդիական աշխատանքի եղանակ, որի ընթացքում ձևավորվել է նրա համակարգը՝ դերասանի հոգեբանական վարքագծի, պիեսի և դերի ըմբռնման մասին: Ստանիսլավսկու համակարգը բեմարվեստում հոգեբանական ռեալիզմի այն ուղղության տեսական արտահայտությունն է, որ ինքն անվանել է վերապրումի արվեստ:
 
Այն դերասանից պահանջում է յուրաքանչյուր ներկայացման ժամանակ ոչ թե նմանակել, այլ գրական կերպարի հույզերն ու ապրումները սեփականի նման զգալու և հոգեբանորեն ստույգ վերարտադրելու կարողություն:
 
1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսվել է Ստանիսլավսկու ստեղծագործության նոր փուլը: Բեմադրել է Գոգոլի «Ռևիզորը», Ալեքսանդր Օստրովսկու «Ջերմ սիրտը», Պիեռ Օգյուստեն Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» և այլ պիեսներ:
 
Ստանիսլավսկին ձգտել է բարեփոխումներ անել նաև երաժշտական թատրոնում: 1918թ. ղեկավարել է Մեծ թատրոնի օպերային ստուդիան, 1935թ. ստեղծել է օպերային-դրամատիկական ստուդիա: Նրա գործունեությունը որոշակիորեն ազդել է XX դարի ռուսական և համաշխարհային թատերարվեստի զարգացման վրա:
 
Ստանիսլավսկին հայ մշակույթի և նրա ականավոր գործիչների հետ շփվել է դեռևս պատանեկան տարիքից Լազարյան ճեմարանում: Ստանիսլավսկու և հայ թատրոնի մերձեցմանը նպաստել է Եվգենի Վախթանգովը:
 
Մոսկվայի օպերային թատրոնում Մարտիրոս Սարյանի ձևավորմամբ Ստանիսլավսկին բեմադրել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքլորիկ» օպերան, իսկ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության ձևավորման աշխատանքը մնացել է անավարտ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: