Հանրագիտարան

Հերոսաբար զոհվեց Սեբաստացի Մուրադը

Ծնված լինելով Սեբաստիայի Կովտուն գյուղում՝ դեռ պատանի Մուրադն անգերազանցելի ըմբիշ էր, հեծյալ ու որսորդ։ 16 տարեկան էր, երբ Սեբաստիա գնալու ճանապարհին նրա վրա հարձակվում են մի քանի թուրքեր։ Մուրադն սպանում է նրանցից մեկին, իսկ մյուսները փախչում են։ Պատանին ստիպված լքում է հարազատ օրրանը, որպեսզի չընկնի զնդանը, սկսում է տարբեր աշխատանքներ կատարել Պոլսում։
1903թ. հավաքվում է մի խումբ, որը պետք է զենք տեղափոխեր Սասուն: Մուրադը մտնում է «Մրրիկ» կոչվող այդ խմբի մեջ: Լավ զինված 23 ֆիդայիներ գիշերով անցնում են թուրքական սահմանն ու ուղղություն վերցնում դեպի Սասնա լեռները:
 
Նոյեմբերյան մի ձյունախառն առավոտ հասնելով լեռների ստորոտին՝ ֆիդայիները ծնկաչոք համբուրում են այն հողը, որի սրբազան կանչը հանգիստ չէր տալիս իրենց: Հասնելով Գելիգուզան՝ նրանք խոնարհվում են Աղբյուր Սերոբի շիրիմին և շարունակում ճանապարհը`   հանդիպելու Անդրանիկին:
 
Թուրքական զորքերը մոտենում էին Սասունին: Սկսվում են ինքնապաշտպանական կռիվները, որոնք գլխավորած հերոսները պատմության մեջ անջնջելի հետք են թողնում (Անդրանիկ, Գևորգ Չաուշ, Սեբաստացի Մուրադ և այլք): Գելիգուզանի մոտերքում նրանք ցիրուցան են անում հակառակորդին, որտեղ, սակայն, զոհվում է Հրայրը:
 
Հաջորդ օրը թուրքերն օգնական ուժեր են ստանում և գիշերով պաշարում են գյուղը: Մասնակցելով Սասունի 1904թ. ապստամբությանը՝ Մուրադը մյուս ֆիդայիների հետ անցնում է պարսկական սահմանը`   շարժվելով դեպի Կովկաս:
 
Մուրադը մյուս ազատամարտիկների օրինակով սբ. Թադեի վանքի պատերին թողնում է իր հուշագրությունը. «Անցանք մենք ընդ հուր և ընդ ջուր, իսկ ես կասեմ նաև ընդ արյուն և նորեն կերթանք դեպի հուր և արյուն…»: Այս խոսքերը Մուրադի իմաստուն կանխատեսումն էին. Արևելյան Հայաստանում նրան դարձյալ հրի միջով անցնող կյանք էր սպասում:
 
Առաջնորդելով ձիավոր հայդուկների խումբը՝ Մուրադը հասնում է Վաղարշապատ։ Այդ օրերին թուրքերը, քրդերն ու թաթարներն ավերում էին հայկական գյուղերը, սրի քաշում բնակիչներին։ Մուրադը մեկնում է Նախիջևան և դառնում տեղի ինքնապաշտպանական մարտի ղեկավարը:
 
Թաթարական հրոսակախումբը Մուրադի ահից թաքնվում է իր որջում: Այստեղից Մուրադն իր 50 կտրիճներով անցնում է Զանգեզուր, որտեղ արդեն ինքնապաշտպանական կռիվներ էին մղում Արևմտյան Հայաստանում հերոսացած շատ ֆիդայիներ:
 
Տաթևի վանքի վանահայրը Մուրադի մասին գրում է իր հուշերում. «Սեբաստացի Մուրադը մի ցայտուն, բնորոշ տիպ էր և ժողովրդական հերոս`   բառիս լայն առումով։ Նա ապրում էր գյուղերում`   պարզ, համեստ նիստ ու կացով, բարոյական բարձր զգացումներով տոգորված…»:
 
Զանգեզուրում ավարտելով իրենց գործը՝ ֆիդայիները պատրաստվում են վերադառնալ Արևմտյան Հայաստան, որտեղ իրավիճակը գնալով վատանում էր: 1910թ. իր ծննդավայրի սբ. Նշան վանքում Մուրադն ամուսնանում է ուսուցչուհի Ագապիի հետ: Վկաներից էր Դանիել Վարուժանը, որը տարված ու հիացած էր Մուրադի սխրանքներով:
 
Այդ օրերին Սեբաստիա է հասնում Ադանայի ջարդի լուրը։ Մուրադը հասկանում է, որ հարկավոր է զինել, նախապատրաստել ժողովրդին ընդդեմ գալիք արհավիրքի: Նա սկսում է զենք հավաքել: Սակայն հրապարակվում է Մուրադի ձերբակալման հրամանը, և նա 1915թ.-ի մարտ ամսին բարձրանում է սարերը:
 
Նրա ետևից գնում են նաև ընկերները: Սկսվում են Սեբաստիայի հայերի տեղահանությունները: Գյուղը լքում են նաև Մուրադի կինն ու երեխան, ում կնքել էր Գևորգ Չաուշի անունով:
 
22 զինակիցներով Սեբաստացին իջնում է Սև ծովի ափերը: Նրանք, բռնագրավելով թուրքական մի առագաստանավ, հասնում են Բաթում: Արդեն ազատագրված Երզնկայում Մուրադը Կայծակ Առաքելի հետ զբաղվում է գերեվարված հայ որբերի ետ գնմամբ:
 
«Նվիրատուներ պետք է գտնենք, Առաքել, չտան`   ուժով պետք է վերցնենք, ուրիշ ելք չկա»,- ասում է Մուրադն ու սկսում հայ որբերի փրկության գործը: Հավաքելով հարյուրավոր անտուն ու որբ երեխաներ`   Մուրադն ու Առաքելը նրանց հասցնում են Արաքսի ափերը և ետ գնում՝ միանալու Անդրանիկին:
 
Ռուսաստանում հեղափոխություն էր եղել: Կարմիր Բանակը մտնում է Բաքու՝ կռվելու Նուրի փաշայի զորքերի հետ։ Ի՞նչ է սպասվում այնտեղ ապրող հարյուրավոր հայերին: Այս էր մտահոգում Մուրադին, և նա իր ջոկատով հասնում է Բաքու:
 
1918թ. օգոստոսի 4-ին թուրքերի մի խմբի դեմ կռվի պահին նահատակվում է Սեբաստացի Մուրադը: «Չարագուշակ և աղետաբեր գնդակ մը եկավ, - գրում է հայդուկ Սեպուհն «Էջեր իմ հուշերեն» գրքում,- դպավ անոր ճակատին, և ան թավագլոր, գնաց բլուրի զառիվերեն դեպի թշնամիին կողմը»:
 
Միայն երկու օր հետո Մշեցի Արշակը, հեծելախմբով գրոհելով, կարողանում է դուրս բերել օտար ափերում հայրենիքի ազատության համար նահատակված ազատամարտիկի դիակը։ Մեծ հայդուկի մարմինը հետագայում ամփոփվում է Թիֆլիսում՝ Խոջիվանքի գերեզմանոցում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: