Հանրագիտարան

Գևորգ Աբգարյան

Հայ բանասեր, պատմաբան, գրականագետ, ձեռագրագետ, աղբյուրագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Աբգարյանը (1920, սեպտեմբերի 14 - 1998, մայիսի 15) ծնվել է Հոռոմ (այժմ՝ Շիրակի մարզ) գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Էջմիածնում և Լենինականում։
1937-41-ին սովորել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Պատերազմից հետո վերընդունվել է համալսարան և այն ավարտել 1946-ին։ Ապա սովորել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։
 
1940-ից (որոշ ընդմիջումներով) աշխատում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի բնագրերի ուսումնասիրության և հրատարակության բաժնում։ 1965-ին «Սեբեոսի պատմությունը և Անանունի առեղծվածը» թեմայով թեկնածուական դիսերտացիա է պաշտպանել, որի համար նրան միանգամից շնորհվել է դոկտորի աստիճան։ 1975-76-ին հայ թարգմանական մատենագրության պատմություն է դասավանդել Երևանի համալսարանում։
 
Գ. Աբգարյանի աշխատությունները նվիրված են հայ միջնադարյան գրականությանը, ձեռագրագիտությանը, հայ-հունական, հայ-վրացական, հայ-սլավոնական, հայ-ֆրանսիական, հայ-գերմանական մատենագրական առնչություններին, եվրոպական հայագիտության պատմությանը։ Գիտական հրատարակության է պատրաստել հույն մատենագիր Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոն»-ի գրաբար և գերմաներեն թարգմանությունները, Փավստոս Բուզանդի «Հայոց պատմությունը», Սեբեոսի պատմության գրաբար բնագիրը, միջնադարյան արձակի նմուշներ։
 
Կազմել է «Հայկական աղբյուրները Աբխազիայի և աբխազների մասին» ռուսերեն ժողովածուն։ Գերմաներենից հայերեն է թարգմանել Յո. Մարկվարտի, Հանս Վալտեր Պոլի, Լինոս Բենակիսի և այլոց հայագիտական ուսումնասիրությունները։ Նրա «Մատենադարան» գիրքը լույս է տեսել ռուսերեն, անգլերեն (Երևան, 1962) և լեհերեն (Վարշավա, 1965)։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: