Հանրագիտարան

Աղասի Այվազյան

Արձակագիր, կինոսցենարիստ Աղասի Այվազյանը 1975թ. ստացել է ՀԽՍՀ պետական մրցանակ «Եռանկյունին» կինոնկարի սցենարի համար և Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ «Եռանկյունին» գրքի համար:
Ծնվել է Վրացական ԽՍՀ Աբասթուման ավանում։ Սովորել է Թբիլիսիի գեղարվեստական ակադեմիայում (1942թ.), Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, Երևանի գեղարվեստաթատերական և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում (1945-48թթ.)։
 
Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-73թթ.-ին եղել է «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչը, 1973-81թթ.-ին`   «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1967թ.-ին «Հայֆիլմ» կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Եռանկյունին» կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է շահել 1968թ.-ի լենինգրադյան համամիութենական փառատոնում։ 90-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը:
 
Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982թ.-ին «Հայֆիլմ» կինոստուդիան Աղասի Այվազյանի «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը, որի ռեժիսորը եղել է ինքը`   սցենարի հեղինակը։ Ա. Այվազյանն իր «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա գրել է «Վառած լապտեր» կինոնկարի սցենարը։ Այս ֆիլմը պատմում է հայ անվանի նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին։
 
Ռուսերեն լույս են տեսել նրա «Ընտանիքի հայրը» (Մոսկվա, 1975թ.), «Փառահամար» (Երևան, 1976թ.), «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Երևան, 1981թ.), «Թիֆլիսի ցուցանակները» (Երևան, 1981թ.), «Եռանկյունին» (Մոսկվա, 1983թ.), «Աղի կոմսը» (Երևան, 1985թ.), «Մեր տխրությունը Կեժոյի շուրջ» (Երևան, 1986թ.), լիտվերեն`   «Վիպակների ժողովածու» (Վինլյուս, 1979թ.), բուլղարերեն`   «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Վառնա, 1981թ.) գրքերը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: