Հանրագիտարան

Ջորջ Գերշվին

Ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար Ջորջ Գերշվինը ծնվել է 1898թ.-ի սեպտեմբերի 26-ին: Նա սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից էր, «Պորգին ու Բեսը» (1935թ.) ամերիկյան ազգային առաջին օպերայի հեղինակը։
Ծնվել է Ռուսաստանից գաղթած հրեաների ընտանիքում։ Երաժշտական կանոնավոր կրթություն չի ստացել, դաշնամուրի և հարմոնիայի մասնավոր դասեր է առել ժամանակի նշանավոր երաժիշտ-մասնագետներից, հետագայում զբաղվել է ինքնակրթությամբ։
 
Գերշվինը`   որպես ջազային երգերի, օպերաների, մյուզիքլների հեղինակ, 25 տարեկանում արդեն ճանաչված էր Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, որտեղ էլ 1928թ. ծանոթացել ու մտերմացել է Մորիս Ռավելի և այլ անվանի երաժիշտների հետ։
 
Գերշվինը իմպրովիզացիոն ջազի ավանդույթները, աֆրոամերիկյան երաժշտական ֆոլկլորի և թեթև ժանրի բնորոշ տարրերը զուգորդել է եվրոպական երաժշտության դասական ձևերին (օպերային, սիմֆոնիկ կոնցերտային)։
 
Քաղաքական թեմաներով գրել է «Թող թնդա նվագախումբը», «Քեզ եմ երգում» մյուզիքլները, «Ամերիկացին Փարիզում» սիմֆոնիկ սյուիտը։ Գերշվինի`   դաշնամուրի և սիմֆոջազի համար գրված «Բլյուզի ոճով ռապսոդիան» և «Պորգին ու Բեսը» օպերան արժանացել են համաշխարհային ճանաչման։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: