Հանրագիտարան

Ֆիդել Կաստրո

Կուբայի նախագահ Ֆիդել Ալեխանդրո Կաստրո Ռուզը ծնվել է 1926թ. օգոստոսի 13-ին Կուբայի Օրյենտե նահանգի Բիրան փոքր քաղաքում: Կաստրոյի ծնողներն անգրագետ էին, սակայն նրանք ամեն ինչ արել են իրենց երեխաներին լավ կրթության տալու համար: Ֆիդելը դպրոցում լավագույն աշակերտներից մեկն էր`   շնորհիվ իր բացառիկ հիշողության:
Հենց դպրոցում էլ նրա մոտ ի հայտ են եկել հեղափոխականի հակումները. տասներեք տարեկանում նա մասնակցում է իր հոր՝ շաքարի պլանտացիաների բանվորների ապստամբությանը: Տասներկու տարեկանում Ֆիդելը նամակ է գրում ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին:
 
Նամակում նա նախագահին շնորհավորում է վերընտրման առթիվ և խնդրում. «Եթե Ձեզ համար դժվար չէ, ուղարկեք ինձ, խնդրում եմ, ամերիկյան 10-դոլարանոց թղթադրամ: Ես այն երբեք չեմ տեսել, բայց շատ կուզենայի ունենալ: Ձեր ընկեր»: 2004 թվականին պատանի Ֆիդելի նամակը Վաշինգտոնում գտել են Ազգային արխիվային ծառայության աշխատակիցները:
 
1945 թվականին Ֆիդել Կաստրոն գերազանցությամբ ավարտել է քոլեջը և ընդունվել Հավանայի համալսարանի իրավունքի ֆակուլտետը: 1950 թվականին Կաստրոն ավարտել է Հավանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ապա`   ասպիրանտուրան:
 
Համալսարանն ավարտելուց հետո Հավանայում զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ, մասնավորապես՝ անվճար վարել է աղքատների գործերը: Այդ ժամանակ նա անդամագրվել է Կուբայի ժողովրդի կուսակցությանը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: