Հանրագիտարան

Միքայել Թարիվերդիև

Ազգությամբ հայ հռչակավոր սովետական երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևը ծնվել է 1931թ. օգոստոսի 15-ին: Սովորել է Թբիլիսիի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում, 1957թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա) ստեղծագործական բաժինը (ղեկավար՝ Արամ Խաչատրյան):
Միքայել Թարիվերդիևն առավել հայտնի է հանրաճանաչ ֆիլմերի համար գրված երաժշտությամբ: Նա կինոյում ստեղծագործել է 1958 թվականից. հեղինակ է շուրջ 130 ֆիլմի երաժշտության, որոնց բնորոշ է ինքնատիպ մեղեդայնությունը:
 
Լավագույններից են՝ «Եղջերու Արքան» (1970թ.), «Գարնան տասնյոթ ակնթարթ» (1973թ.), «Տասնհինգերորդ գարունը» (1973թ.), «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» (1976թ.), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (1979թ., Հայֆիլմ) և այլն: Գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար: 
 
Ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերում: Գրել է «Ո՞վ ես», «Կոմս Կալիոստրո», «Սպասում» օպերաները, «Ստվեր», «Երջանկության պոեմ», «Աղջիկը և մահը», «Աղջիկը գնդի վրա» բալետները, «Չեռնոբիլ» երգեհոնային սիմֆոնիան, կոնցերտներ ձայնի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի, երգեհոնի համար:
 
Հեղինակել է դաշնամուրային պիեսների 24 և ռոմանսների 15 շարքեր, երգեր՝ ճապոնացի միջնադարյան բանաստեղծների, նաև Վիլյամ Շեքսպիրի, Բելա Ախմադուլինայի, Մարինա Ցվետաևայի, Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկու և ուրիշների խոսքերով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: