Հանրագիտարան

Կարեն Շահնազարով

Հայտնի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ, հայկական ծագումով քաղաքական գործիչ Գրիգոր Շահնազարովի որդին`   Կարեն Շահնազարովը, ծնվել է 1952թ. հուլիսի 8-ին Կրասնոդարում:
1975թ. ավարտել է Կինոյի ինստիտուտը`   սովորելով Իգոր Տալանկինի խմբում: Հետագայում հենց Տալանկինի մոտ էլ որպես օգնական է աշխատել «Նպատակի ընտրություն» ֆիլմի նկարահանման հրապարակում: Դեբյուտը կինոաշխարհում եղել է «Բարեսիրտ մարդ» ֆիլմով:
 
1980թ. նրա սցենարի հիման վրա նկարահանվել է «Կանայք հրավիրում են տղամարդկանց» հայտնի կոմեդիան: Կարենին ռեժիսորի և սցենարիստի հռչակ է բերել 1983թ. նկարահանված «Մենք ջազից ենք» ժապավենը: Վերջինս Շահնազարովին մի շարք միջազգային մրցանակներ բերեց, ավելին՝ տարվա ֆիլմ հռչակվեց:
 
1987թ. նկարահանված «Փոստատար» ֆիլմը նույնպես մեծ հաջողություն գրանցեց կինոփառատոններում: Շահնազարովի կինոցանկը լրացնում են «Ամերիկացի աղջիկը», «Լիալուսին», «Ձմեռային երեկո Գագրայում», «Երազներ», «Անհետացող կայսրություն» ֆիլմերը:
 
Վարել է ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակվող «20-րդ դարը կադրում և կադրից դուրս» հաղորդումը, ինչպես նաև ծրագրի ռեժիսորն է եղել: 1998թ. ղեկավարել է «Մոսֆիլմ» կինոստուդիան: Ռեժիսորը 2005թ.-ից Ռուսաստանի համայնքների պալատի անդամ է: Կարեն Շահնազարովն ամուսնացած է և ունի 3 զավակ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: