Հանրագիտարան

Գալուստ Գյուլբենկյան

Աշխարհահռչակ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանը ծնվել է 1869թ.-ի մարտի 23-ին Կ.Պոլսում: Նախնական կրթությունը ստացել է Կ.Պոլսո Արամյան-Ունճյան դպրոցում և Սեն-Ժոզեֆի ֆրանսիական վարժարանում: 1887թ.-ին ավարտել է Լոնդոնի Քինգզ քոլեջը: 1891թ.-ին նրան Բաքու է հրավիրել և նավթարդյունաբերությանը հաղորդակից դարձրել Ալեքսանդր Մանթաշյանցը: Այնուհետև Օսմանյան Թուրքիայի ընդերքի նախարարի առաջարկով տեղեկագիր է պատրաստել Միջագետքի նավթի պաշարների վերաբերյալ: Նա կանխագուշակել է Թուրքիայի, Իրաքի, Արաբական թերակղզու և Պարսից ծոցի նավթային խոշորագույն պաշարների գոյությունը:
1898թ.-ին նշանակվել է Թուրքիայի դեսպանատների տնտեսական խորհրդական Փարիզում ու Լոնդոնում: 1902թ.-ին ընդունել է բրիտանահպատակություն: Նրա ջանքերով Իրաքի նավթապաշարների շահագործման նպատակով 1912թ.-ին ստեղծված Թուրքիայի նավթային ընկերության 35% բաժնեմասը պատկանում էր Թուրքիայի Ազգային բանկին, 25-ը`   անգլո-հոլանդական Ռոյալ Դատչ Շել կոնցեռնին, 25-ը`   Գերմանական բանկին, իսկ 15%-ը`   իրեն:
 
Մեծ Բրիտանիայի ստիպմամբ, սակայն, նրա սեփական մասնաբաժինը նվազեց 5%-ի: Այդ տոկոսադրույքն ամրագրվեց հավիտյանս, ինչի շնորհիվ Գ.Գյուլբենկյանը համաշխարհային բիզնեսի պատմության մեջ մնաց «Պարոն 5%» մականունով: 1930-1932թթ. եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ:
 
Տիրելով վիթխարի հարստության`   նա ձեռք էր բերել աշխարհի տարբեր ժողովուրդների արվեստի ու մշակույթի 6000 եզակի նմուշ: 1942թ.-ին մշտական բնակություն է հաստատել Լիսաբոնում և մահից երկու տարի առաջ այդ ամբողջը կտակել Պորտուգալիային: Մահացել է 1955թ.-ի հուլիսի 20-ին Լիսաբոնում:
 
1956թ.-ին ստեղծվել է Գալուստ Գյուլբենկյան պորտուգալական հիմնադրամը`   այսօր աշխարհի վեց հարանման լավագույն կառույցներից մեկը: Ներկայում այդ հիմնադրամից օգտվում է ավելի քան 70 երկիր, իսկ հայկական ծրագրերի համար հատկացվում է միջոցների մեկ տասներորդը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: