Հանրագիտարան

Լևոն Օրբելի

էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիրներից Լևոն Օրբելին (1882թ. հունիսի 25-1958թ. դեկտեմբերի 9) ուսումնասիրել է արտաքին ու ներքին գործոնների ազդեցությամբ կենդանի օրգանիզմների տարբեր գործառույթների պատմական զարգացումը:
Լևոն Օրբելին 1904թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան, որտեղ աշակերտել է ֆիզիոլոգ Իվան Պավլովին: 1907-20թթ. աշխատել է Սանկտ Պետերբուրգի փորձարարական բժշկագիտության ինստիտուտում, 1909-11թթ.՝ Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի խոշորագույն ֆիզիոլոգիական լաբորատորիաներում և Նեապոլի ծովային կենսաբանական կայանում: 
 
1918-46թթ. Լեսգաֆտի անվան գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի ղեկավարն էր, 1925-1950թթ.՝ ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի, 1943-50թթ.՝ նույն ակադեմիայի պետ, 1939-50թթ.՝ Ֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային գործունեության ախտաբանության, 1956-58թթ.՝ Էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտների տնօրեն:
 
Լևոն Օրբելին ստեղծել է գիտական նոր ուղղություն էվոլյուցիոն և վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի բնագավառում:
 
1929թ. ստեղծել է մկանի սիմպաթիկ նյարդաթելի գրգռման արդյունքում կմախքային մկանի հոգնածության վերացման տեսություն (Օրբելի Գինեցինսկու տեսություն), որով հաստատել է նյարդային համակարգի հարմարվողասնուցողական գործառույթը:
 
Ապացուցել է, որ ուղեղիկը ոչ միայն ղեկավարում է շարժումների համաձայնեցումը, այլև կարգավորում է օրգանիզմի վեգետատիվ գործառույթները: Օրբելին զբաղվել է նաև զգայարանների, ցավի, ենթակեղևային կենտրոնների, ստորջրյա և ավիացիոն ֆիզիոլոգիաների զանազան խնդիրներով: 
 
Լևոն Օրբելին մեծ ավանդ ունի նաև ՀՀ-ում ֆիզիոլոգիայի զարգացման գործում. նրա անունով է կոչվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիոլոգիայի ինստիտուտը: 
 
Լևոն Օրբելին Փարիզի կենսաբանական ընկերության, Բնախույզների գերմանական «Լեոպոլդինա» ակադեմիայի անդամ էր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս քարտուղարը (1939–48թթ.) և փոխնախագահը (1942–46թթ.):
 
ԽՍՀՄ (1935թ.), ՀՀ (1943թ.), ԽՍՀՄ բժշկական (1944թ.) գիտությունների ակադեմիաների անդամ էր, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1934թ.), Բժշկական ծառայության գեներալ-գնդապետ (1944թ.):
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: