Հանրագիտարան

Կարլ Պոպեր

Գիտության մեթոդաբան և սոցիոլոգ Կարլ Պոպերը ծնվել է 1902թ. Վիեննայում: Դասախոսել է Նոր Զելանդիայի համալսարանում, Լոնդոնի համալսարանի տնտեսագիտության դպրոցում: Եղել է Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր, Բնագիտության զարգացմանը նպաստող թագավորական ընկերության անդամ:
Իր ուսմունքը Պոպերն անվանել է քննադատական ռացիոնալիզմ՝ ի հակադրություն հյումիզմից սերող տրամաբանական էմպիրիզմի և շեշտելով իր հարազատությունը Կանտի գիտաբանական գաղափարներին:
 
Մեթոդաբանության մեջ առաջադրել է ֆալսիֆիկացման սկզբունքները, գիտության էվոլուցիոն զարգացման տեսակետը, ճանաչող սուբյեկտից օտարված օբյեկտիվ գիտելիքի գաղափարը: Գիտության զարգացումը Պոպերը ներկայացնում է որպես միմյանց անընդհատ հաջորդափոխող տեսությունների շարք: Տեսությունը փորձի ընդհանրացում չէ, այլ հիպոթեզ է, որը լուծում է որոշակի պրոբլեմ և «բաց է» քննադատության ու հերքման համար, էմպիրիկ գիտություններում՝ փորձնական հերքման համար: Գիտելիքի բովանդակության այս չափանիշներով նա պահպանում է ընդհանրական օրենքներն ու տեսությունները, բայց մերժում է «ամեն ինչ բացատրող» տէսական ուսմունքները:
 
Պոպերը ժխտում է պատմականության սկզբունքը՝ գտնելով, որ այն բնության և հասարակության զարգացումը ներկայացնում է իբրև կանխորոշված գործընթաց:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: