Հանրագիտարան

Ժակ Իվ Կուստո

Ֆրանսիացի օվկիանոսագետ և ճանապարհորդ Իվ Կուստոն (1910թ. հունիսի 11-1997թ. հունիսի 25) ստեղծել է փակ տիպի թթվածնային սարքը, կատարելագործել աքվալանգը, նախագծել ստորջրյա նկարահանման «սուզվող սկավառակ» տեսախցիկը:
Ժակ Իվ Կուստոն դեռևս մանկուց է հրապուրվել ծովով: Առաջին անգամ ծովի ջրում սուզվելուց և ստորջրյա աշխարհը տեսնելուց հետո, նա համոզվել է, որ ինքն անբաժան է այդ աշխարհից: Կուստոն 1930թ. ավարտել է Բրեստի (Ֆրանսիա) ծովային դպրոցը, ապա սովորել Ռազմածովային թռիչքային դպրոցում, որտեղից 1936թ. «Ժաննա դ'Արկ» նավով մեկնել է առաջին շուրջերկրյա ճանապարհորդության:
 
1950-ական թթ. նորոգելով և սարքավորումներով վերազինելով «Կալիպսո» նավը՝ կատարել է բազմաբնույթ հետազոտություններ Ատլանտյան, Հնդկական օվկիանոսներում, Կարմիր, Սև, Արաբական ծովերում ու Պարսից ծոցում: 1965թ. Միջերկրական ծովում մինչև 110մ խորություն իջեցվել է գնդաձև մի տնակ, որտեղ 6 ջրասուզակներ Կուստոյի հետ աշխատել են 23 օր:
 
1967թ. նա ստորջրյա նկարահանող տեսախցիկներով ուսումնասիրություններ է կատարել Կարմիր ծովում և արդյունքները մանրամասն ներկայացրել «Որպեսզի ծովում չլինեն գաղտնիքներ» և «Կալիպսոն» ու բուստերը» գրքերում: 1970-ական թթ. «Կալիպսոն» ուղևորվեց Անտարկտիդա: Այս անգամ Կուստոյի ուշադրության կենտրոնում էին կետերը: Կուստոն նկարահանել է մի ֆիլմ և գրել «Համաշխարհային օվկիանոս» գիրքը: 
 
1957թ.-ից ղեկավարելով Մոնակոյի Օվկիանոսագիտական թանգարանը՝ Կուստոն զբաղվել է նաև օվկիանոսների մայրցամաքային ծանծաղուտի, ծովային օրգանիզմների (հատկապես՝ շնաձկների ու կետերի) և աշխարհագրական տարբեր լայնություններում դրանց տեղաբաշխման օրինաչափությունների ուսումնասիրությամբ, կատարել ստորջրյա նկարահանումներ: Նա առավել հայտնի է Կապիտան Կուստո անունով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: