Հանրագիտարան

Նապոլեոն Բոնապարտ

Նա պատմության մեջ ուրույն տեղ է գրավել՝ իր անունով կնքելով մի ողջ դարաշրջան: Նապոլեոն Բոնապարտը ծնվել է 1769թ. օգոստոսի 15-ին կորսիկացի ազնվական փաստաբանի ընտանիքում: 1784թ. ավարտել է Բրիենի ռազմական դպրոցը, 1784–1785թթ. սովորել է Փարիզի ռազմական դպրոցում:
Ծառայությունն սկսել է 1785թ. Վալանսում: Ռազմական բացառիկ ընդունակությունների շնորհիվ 8 տարում դարձել է գեներալ: Աչքի է ընկել Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ: 1793թ. խռովարար միապետականների տևականորեն պաշարած Տուլոնն ազատագրվել է նրա մշակած պլանով, որի համար 24-ամյա կապիտանն ստացել է բրիգադի գեներալի կոչում:
 
1802թ. Նապոլեոնը նշանակվել է կոնսուլ, իսկ 1804թ. թագադրվել կայսր՝ Նապոլեոն I անունով: Նապոլեոն I-ն ուժեղացրել է իր անձնական իշխանությունը, զուգահեռաբար բարեփոխումներ արել: 1800թ. հիմնադրել է Ֆրանսիական բանկն ու ստեղծել դրամական նոր միավոր՝ ֆրանկը, ընդունել օրենսգրքեր (կոդեքսներ):
 
Նապոլեոն I-ը միմյանց հետևից պարտության է մատնել եվրոպական երկրների ռազմաքաղաքական դաշինքներին: Նապոլեոնի նվաճումների շնորհիվ Ֆրանսիայի տիրապետության տակ են անցել Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի շատ պետություններ: Նապոլեոնի կայսրության կործանումն սկսվել է 1812թ. Ռուսաստանի հետ պատերազմում:
 
1814թ. նա աքսորվել է Էլբա կղզի, սակայն 1815թ. նորից զբաղեցրել է ֆրանսիական գահը: Վաթերլոոյի պարտությունից հետո (1815թ.-ի հունիսի 22-ին) Նապոլեոն I-ը վերջնականապես գահընկեց է արվել և աքսորվել Ատլանտյան օվկիանոսի Սբ. Հեղինե կղզի (որպես անգլիացիների գերի), որտեղ և 1821թ.-ի մայիսի 5-ին վախճանվել է: 1840թ. նրա աճյունը տեղափոխվել է Փարիզ և ամփոփվել Հաշմանդամների տանը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: