Հանրագիտարան

Գրիգոր Զոհրապ

Ականավոր գրող և քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը (Զոհրապյան) ծնվել է 1861թ. հունիսի 26-ին Կոստանդնուպոլսում: Սովորել է տեղի Մաքրուհյան և Թարգմանչաց վարժարաններում:
Բարձրագույն կրթությունը նույնպես ստացել է ծննդավայրում՝ ճարտարագիտություն և իրավաբանություն մասնագիտություններով: Հետագայում զբաղվել է փաստաբանությամբ և գրականությամբ:
 
Զոհրապը հմուտ իրավաբան էր: Ժամանակակիցները վկայում են, որ նա իր ամբողջ փաստաբանական գործունեության ընթացքում ոչ մի դատ տանուլ չի տվել: Նա սուլթանական դատարանում միշտ պաշտպանում էր հանիրավի ամբաստանված հայերի, հույների, բուլղարների և այն այլազգի անմեղների դատը, որոնք սովորաբար հետապնդվում էին օսմանյան բռնատիրության դեմ ըմբոստանալու համար՝ հանուն իրենց ազգային ու մարդկային իրավունքների:
 
Դա դուր չէր գալիս իշխանություններին, և միառժամանակ Զոհրապին արգելում են զբաղվել փաստաբանությամբ: Բայց դա չի ընկճում մեծ մարդասերին, նա չթուլացող եռանդով շարունակում է իր պայքարն ազատության, արդարության ու ճշմարտության համար:
 
Հասարակական գործունեությանը զուգընթաց Զոհրապը նվիրյալի եռանդով մասնակցում էր նաև գրական կյանքին: Սուլթան Համիդի բռնապետության օրերին, երբ մտավորականներից շատերը հեռանում են երկրից, նա մնում է Կ.Պոլսում՝ շարունակելով հանդես գալ մամուլում հրապարակախոսական և գրական-քննադատական հոդվածներով՝ նվիրված հասարակական ու գրական կյանքի հրատապ խնդիրներին:
 
Նրա խմբագրությամբ լույս տեսնող «Մասիս» և «Արևելք» գրական պարբերականները մեծապես նպաստել են հայ ստեղծագործող մտավորականությանը համախմբելու, գրականության մարմրող ջահը վառ պահելու գործին:
 
Զոհրապը գրել է բանաստեղծություններ, նորավեպեր, ակնարկներ, վեպեր և այլն, սակայն առավել ճանաչվել է նորավեպերով: Զոհրապի նորավեպերը լույս են տեսել 3 ժողովածուով՝ «Խղճմտանքի ձայներ» (1908 թ.), «Կյանքն ինչպես որ է» (1911 թ.), «Լուռ ցավեր» (1911 թ.): 
 
1908թ. Թուրքիայում տապալվում է սուլթան Համիդի միապետությունը, հաստատվում են սահմանադրական կարգեր: Իշխանության գլուխ անցած «Երիտասարդ թուրքեր» կուսակցությունը սկզբում հանդես էր գալիս կեղծ ժողովրդավարության դիմակով:
 
Թուրքական մեջլիսի (խորհրդարան) պատգամավորներ էին ընտրվում նաև ազգային փոքրամասնություններից: Զոհրապն ընտրվում է մեջլիսի հայ պատգամավոր: Պառլամենտում նա շարունակում է իր կրքոտ ելույթները՝ պաշտպանելով ազգային փոքրամասնությունների շահերը:
 
Սակայն նոր իշխանությունների դիմակավոր խաղը երկար չի տևում: Շուտով նրանք ցույց են տալիս իրենց իսկական դեմքը՝ 1909թ. կազմակերպելով Կիլիկիայի հայության կոտորածը: Այդ քաղաքականությունը շարունակվում է նաև հետագայում և հանգեցնում 1915թ. Մեծ եղեռնին, որին զոհ գնաց մեկուկես միլիոն հայ:
 
Գրիգոր Զոհրապը դաժանորեն սպանվել է 1915թ. աքսորի ճանապարհին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: