Հանրագիտարան

Ալեքսանդր Գրիբոյեդով

Ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը ծնվել է 1795թ. հունվարի 15-ին Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական և իրավաբանական ֆակուլտետները: 1819թ. փետրվարին այցելել է Էջմիածնի վանք, ծանոթացել հայկական պատմական հուշարձաններին:
1822թ. Թիֆլիսում եղել է Կովկասի ռուսական զորքերի հրամանատարությանն առընթեր դիվանագիտական մասի քարտուղար: Գեներալ Պասկևիչի բանակում մասնակցել է Երևանի, Սարդարապատի, Նախիջևանի ազատագրմանը:
 
1827թ. Երևանի բերդի առումից հետո պարգևատրվել է «Երևանի գրավման համար» մեդալով: Նույն թվականի դեկտեմբերին սարդարի պալատի դահլիճում հեղինակի ներկայությամբ ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվել է «Խելքից պատուհաս» կատակերգությունը: 
 
Ականատեսները պատմել են, որ Գրիբոյեդովը շատ հուզված է եղել, ընդմիջումներին մոտեցել է դերակատարներին, ոգևորել նրանց: 1828թ. փետրվարի 10-ին Գրիբոյեդովը մասնակցել է Թուրքմենչայի պայմանագրի կնքմանը, նրա առաջարկությամբ մտցվել է 15-րդ կետը, որով 40 հազար պարսկահայի թույլատրվել է ներգաղթել Արևելյան Հայաստան:
 
1828թ. ապրիլի 25-ին Գրիբոյեդովը նշանակվել է լիազոր-մինիստր Թեհրանում`   նկատի ունենալով նախորդ բանակցությունների ժամանակ նրա ցուցաբերած դիվանագիտական բարձր ունակությունները և տեղի պայմաններին լավատեղյակությունը:
 
Գրիբոյեդովը, սակայն, այդ նշանակումը համարել է «քաղաքական աքսոր»: Չանցած մեկ տարի`   1829թ. հունվարի 30-ին շահական Պարսկաստանի ռեակցիոն շրջանների հրահրմամբ մոլեռանդ ամբոխը հարձակվում և ոչնչացնում է Թեհրանի ռուսական դեսպանատան 54 աշխատողներին, այդ թվում և մինչև վերջ խիզախորեն դիմադրող Գրիբոյեդովին: 
 
Թիֆլիսի ճանապարհին՝ Դվալի (այժմ Պուշկինի) լեռնանցքում, Ա.Ս.Պուշկինը հանդիպել է Ա.Ս. Գրիբոյեդովի դիակը փոխադրող սայլվորներին: Հանդիպման վայրում կանգնեցված է աղբյուր-հուշարձան: Էջմիածնի Մայր տաճարում հոգեհանգստի պատարագ է մատուցվել նրա հիշատակին:
 
Ա.Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» բազմիցս բեմադրվել է հայկական թատրոններում: Երևանում 1975թ. կանգնեցվել է Գրիբոյեդովի արձանը: Երևանում և ՀՀ այլ քաղաքներում կան նրա անվան փողոցներ և դպրոցներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: