Հանրագիտարան

Հարավային Ամերիկա

Տարածքը՝ ներառյալ կղզիները՝ 17.854 հզ. կմ2
Կղզիների տարածքը՝ 150 հզ. կմ2
Միջին բարձրությունը՝ 590 մ
Պետությունների թիվը՝ 12
Ամենամեծ պետությունը՝ Բրազիլիա՝ 8.514,9 հզ. կմ2
Բնակչության ընդհանուր թիվը՝ 350 մլն

 

Հարավային Ամերիկան մեծությամբ չորրորդ մայրցամաքն է: Նրա ափերը ողողում են Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները: Հյուսիսում Պանամայի ջրանցքով (մինչև 1914թ.՝ պարանոց) միանում է Հյուսիսային Ամերիկային, հարավում Դրեյկի լայն ու փոթորկոտ նեղուցով բաժանվում  է Անտարկտիդայից: Հարավային Ամերիկային են պատկանում Հողմատակ, Տրինիդադ, Ֆոլկլենդյան կղզիները, Հրո Երկիր և Չիլիական կղզեխմբերը:
 
1498 թ-ին, իր համոզմամբ, դեպի Հնդկաստան երրորդ նավարկության ժամանակ Քրիստափոր Կոլումբոսը հասել է Հարավային Ամերիկայի հյուսիսային ափը: Հետազոտելով Օրինոկո գետի գետաբերանը՝ նա կարծել է, թե հասել է Ասիայի արևելյան ափերին, քանի որ նման խոշոր գետ կարող էր հոսել լոկ մայրցամաքով: Կոլումբոսի մահից հետո միայն մարդիկ իմացան, որ նրա հայտնաբերած երկիրը ոչ թե Հնդկաստանն էր, այլ մի նոր, մինչ այդ Եվրոպային անծանոթ աշխարհ: Հետագայում դա ապացուցեց իտալացի ճանապարհորդ Ամերիգո Վեսպուչին. այդ պատճառով էլ Կոլումբոսի հայտնաբերած երկիրը կոչվեց Ամերիկա:
Մայրցամաքի մակերևույթը հիմնականում հարթավայրային է: Ընդարձակ տարածքներ են զբաղեցնում Բրազիլական, Գվիանական, Պատագոնիայի սարահարթերը, Ամազոնի (աշխարհում ամենաընդարձակը), Լա Պլատայի, Օրինոկոյի դաշտավայրերը:
 
Մայրցամաքի արևմուտքում՝ խաղաղօվկիանոսյան ափի երկայնքով, 9 հզ. կմ երկարությամբ մի քանի զուգահեռ լեռնաշղթաներով ձգվում է Անդյան լեռնային համակարգը (ինկերի լեզվով «անտար» նշանակում է պղինձ): Լեռնաշղթաները հատում են Հարավային Ամերիկայի շատ երկրներ, ուստի բազմաթիվ քաղաքներ գտնվում են ծովի մակերևույթից մի քանի հազար մետր բարձրության վրա: Օրինակ՝ Լա Պասը՝ Բոլիվիայի մայրաքաղաքը, գտնվում է 3600 մ բարձրության վրա: Դա աշխարհի «ամենաբարձր» մայրաքաղաքն է: Այստեղ է գտնվում նաև Արևմտյան կիսագնդի ամենաբարձր՝ Ակոնկագուա (6960 մ) գագաթը: Անդերում հաճախակի են ուժեղ երկրաշարժերը: Ավերիչ էր Չիլիի երկրաշարժը (1960թ.), որից հետո անճանաչելիորեն փոխվեց շրջակա տեղանքը: Առափնյա առանձին հատվածներ ընկղմվեցին ջրի տակ, իսկ տեղ-տեղ առաջացան նոր կղզիներ, ամենուրեք ավերվեցին երկաթուղիները, ավտոմայրուղիները, ավտոխճուղիները, տները վերածվեցին փլատակների կույտի, զոհվեց 10 հզ-ից ավելի մարդ: Անդերի բազմաթիվ գագաթներ (Սան Պեդրո, Կոտոպաքս, Ռուիս) հրաբուխներ են, որոնց ժայթքումները մեծ վնասներ են պատճառել: Կենտրոնական Անդերի ափամերձ գոտում տարածվում է Ատակամա անապատը, որտեղ Պերուական սառը հոսանքի պատճառով տարիներ շարունակ տեղումներ չեն լինում:
 
Օգտակար հանածոներից կան պղինձ, անագ, երկաթ, մանգան, ոսկի, արծաթ, ալմաստ, կապար, նավթ (Կարիբյան ծովի ափերին հայտնաբերված հանքավայրերը խոշորագույններից են աշխարհում):
Հարավային Ամերիկան նմանվում է սուր ծայրով դեպի հարավ ուղղված եռանկյունու, որի հյուսիսային լայն մասով անցնում է հասարակածը: Հետևաբար, մայրցամաքի հյուսիսային շրջանները գտնվում են հասարակածային և մերձհասարակածային կլիմայական գոտիներում, իսկ հարավային նեղ հատվածը՝ մերձարևադարձային ու բարեխառն գոտիներում: Աշխարհագրական նման դիրքի շնորհիվ Հարավային Ամերիկայի մեծ մասը, բացառությամբ ծայր հարավային շրջանների, բնորոշվում է տաք և խոնավ կլիմայով:
 
Հարավային Ամերիկայի խոնավ կլիման, բարձր լեռների և ընդարձակ հարթավայրերի հարևանությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում խոշոր, ջրառատ գետերի ձևավորման համար: Անդյան լեռներից, Բրազիլական ու Գվիանական սարահարթերից սկիզբ առնող բազմաթիվ գետեր միախառնվելով ձևավորում են գետային խոշոր համակարգեր: Ամբողջ մայրցամաքով արևմուտքից արևելք ձգվում է երկրագնդի ամենաջրառատ գետը՝ Ամազոնը, որին հնդկացիներն անվանում են Պարանա Տինգ (Գետերի թագուհի): Այն սկիզբ է առնում Անդերից, այնուհետև հոսում համանուն ընդարձակ դաշտավայրով, որտեղ ընդունում է 500-ից ավելի վտակներ: Գետի հունի լայնությունը վերին հոսանքում 1–2 կմ է, միջինում՝ 5, ստորինում՝ 20, գետաբերանում՝ 80, ջրհավաք ավազանը շուրջ 7 մլն կմ2 է: Ամազոնին է պատկանում գետերի համաշխարհային հոսքի 25%-ը: Ամազոնը միշտ ջրառատ է, քանի որ աջափնյա վտակները վարարում են հոկտեմբերից մարտ (Հարավային կիսագնդի ամռանը), իսկ ձախափնյաները՝ ապրիլից հոկտեմբեր (Հյուսիսային կիսագնդի ամռանը): Ամազոնն աշխարհում առաջինն է նաև կենդանական աշխարհի հարստությամբ ու բազմազանությամբ: Այստեղ կա ձկների ավելի քան 2 հզ. տեսակ, որը կազմում է երկրագնդի քաղցրահամ ջրերի ձկների բոլոր տեսակների 1/3-ը: Ամազոնում վխտում են նաև բազմաթիվ գիշատիչ ձկնատեսակներ, սակայն այդ ջրերի սարսափը պիրանիաներն են (մինչև 30 սմ երկարությամբ բթաքիթ, սուր ատամներով ձկներ), որոնք շնաձկներից ավելի արյունարբու են: Դրանց վտառը մի քանի վայրկյանում կարող է հոշոտել մարդուն կամ կենդանուն:
Մայրցամաքի խոշոր գետերից են Պարանան, որը, Պարագվայ խոշոր վտակն ընդունելով, դառնում է լայնահուն, դանդաղահոս, հոսում է Լա Պլատայի դաշտավայրով, և Օրինոկոն, որի Չուրուն վտակի վրա է գտնվում աշխարհի ամենաբարձր՝ Անխել ջրվեժը (1054 մ): Հարավային Ամերիկայում լճեր քիչ կան (Պոոպո, Մարակաիբո): Կենտրոնական Անդերում է երկրագնդի ամենաբարձրադիր (3816 մ) լիճը՝ Տիտիկական:
 
Մյուս մայրցամաքներից հեռու գտնվելու և մեկուսացած դիրքի պատճառով Հարավային Ամերիկայի բուսական ու կենդանական աշխարհները երկրաբանական երկարատև ժամանակաշրջանում ձևավորվել են ինքնուրույնաբար: Այդ է պատճառը, որ այստեղ շատ են բնաշխարհիկները: Հասարակածի երկու կողմերում տարածվում են խոնավ հասարակածային անտառային գոտիները: Զբաղեցրած տարածքով, բուսականության հարստությամբ և փարթամությամբ իրենց հավասարը չունեն Ամազոնի դաշտավայրի անտառները՝ սելվասները (42 հզ. բուսատեսակ): Մի քանի շարահարկով աճում են արմավենիներ, ֆիկուսներ, հեվեա, սեխածառ, խոլորձներ: Խաղաղ գետախորշերում աճում է վիկտորիա-ռեգիա ջրաշուշանը, որի 2 մ տրամագծով տերևները կարող են իրենց վրա պահել 50 կգ բեռ: Այդ անտառները հեռվից կանաչ դրախտ են թվում և հրապուրում ճանապարհորդին: Սակայն առաջին իսկ քայլերից հանդիպում են արգելքներ՝ անանցանելի մացառուտներ, մարդակուլ ճահիճներ, լայնահուն գետեր, ճյուղերից կախված և ծառից ծառ թռչող կապիկներ, թունավոր օձեր, այդ թվում՝ երկրագնդի ամենախոշոր օձը՝ անակոնդան: Ծառերի վրա ապրում է մի շատ դանդաղաշարժ կենդանի՝ ծույլ անվանումով: Ամենուրեք կան բազմատեսակ և գույնզգույն թռչուններ՝ թութակներ, կոլիբրիներ, թիթեռներ, լուսատու բզեզներ, մրջյուններ:
Սավաննաները զբաղեցնում են Օրինոկոյի դաշտավայրը (այստեղ դրանք կոչվում են լյանոս) և Բրազիլական սարահարթի մի մասը (կոչվում են կամպոս): Կենդանական աշխարհը այնպես հարուստ չէ, ինչպես Աֆրիկայում: Հանդիպում են մեծ մրջնակերներ, զրահակիրներ, վայրի փոքր խոզեր (պեկարիներ), հովազ, կատվառյուծ: Լա Պլատայի դաշտավայրում տարածված են տափաստանները (պամպա), որտեղ բերրի հողերում աճում են սիզախոտ, շյուղախոտ, պամպայի խոտ: Այս գոտին այժմ խիստ վերափոխված է. վերածվել է հացահատիկային ու տեխնիկական մշակաբույսերի դաշտերի: Հարավային Ամերիկան հեվեայի, կակաոյի, քինաքինայի և կարմիր ծառի հայրենիքն է:
 
Անդերում լավ արտահայտված է վերընթաց գոտիականությունը՝ խոնավ հասարակածայինից մինչև ձնամերձ գոտի: Կենդանիներից հանդիպում են բնաշխարհիկ տեսակներ՝ ուղտայծեր (լամա) և շինշիլա (մորթատու կրծող):
Վերջին տարիներին վարելահողերի ու արոտավայրերի են վերածվել Ամազոնի անտառները, որոնք մեծ ազդեցություն ունեն երկրագնդի կլիմայի վրա (գիտնականների կարծիքով՝ այդ անտառները տալիս են մթնոլորտ վերադարձող թթվածնի 1/3-ը): Բնական լանդշաֆտները պահպանելու նպատակով Հարավային Ամերիկայում ստեղծվել են բազմաթիվ արգելոցներ և ազգային պարկեր (Ռանչո Գլանդե, Իգուասու, Տանայամա, Բրազիլիա, Պամբադե դե Գալերաս, Նաուել Ուապի և այլն):
 
Մինչև եվրոպացիների մուտքը  մայրցամաքում բնակվել են հնդկացիական զանազան ցեղեր ու ժողովուրդներ, որոնք խոսել են կեչուա, արավակյան, չիբչա, տուպի–գուարանի և այլ լեզուներով: Նրանք պարզունակ կյանք են վարել, սնվել բնության բարիքներով, զբաղվել որսորդությամբ ու ձկնորսությամբ, իսկ Անդերի լեռներում ապրող ինկերը, որոնք ունեցել են ուժեղ պետություն՝ Ինկերի միավորումը, զբաղվել են նաև երկրագործությամբ ու անասնապահությամբ: Պերուական Անդերում հայտնաբերված ինկերի մշակույթի Մաչու Պիկչու ամրոցը 2007 թ-ին ընդգրկվել է աշխարհի նոր 7 հրաշալիքների ցանկում: Արդեն մի քանի հարյուրամյակ է, ինչ Հարավային Ամերիկայում ընթանում է լեզուների, ավանդույթների միախառնման և նոր ժողովուրդների ձևավորման գործընթաց: Մայրցամաքի այժմյան բնակչության կազմի մեջ են մտնում ամերիկյան (հնդկացիներ), եվրոպեոիդ (եվրոպացի վերաբնակների սերունդներ) և նեգրոիդ (Աֆրիկայից բերված ստրուկների սերունդներ) ռասաների ներկայացուցիչներ, ինչպես և բազմաթիվ խառը խմբեր՝ մետիսներ, մուլատներ, սամբոներ: Հարավային Ամերիկայի տարածքը բաժանված է ավելի քան 1 տասնյակ պետությունների միջև: Դրանք նախկինում եղել են իսպանական, պորտուգալական, բրիտանական, գերմանական գաղութներ: XIX դարի 1-ին քառորդում անկախություն են նվաճել և ինքնիշխան պետություններ են հռչակվել Կոլումբիան (1810 թ-ին), Վենեսուելան և Պարագվայը (1811 թ-ին), Արգենտինան (1816 թ-ին), Պերուն (1821 թ-ին), Բրազիլիան (1822 թ-ին), Բոլիվիան (1825 թ-ին), Տրինիդադ և Տոբագոն (1962 թ-ին), Բարբադոսը (1966 թ-ին), Գայանան, Գրենադան (1974 թ-ին), Սուրինամը (1975 թ-ին): Մայրցամաքում ամենատարածված լեզուները երկուսն են՝ պորտուգալերենը (Բրազիլիայում) և իսպաներենը (մնացած երկրներում), որոնց հիմքում ընկած է լատիներենը: Այդ պատճառով էլ Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրները Մեքսիկայի հետ միասին ստացել են Լատինական Ամերիկա անվանումը: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: