Հանրագիտարան

Եզդիականություն

Եզդիականությունը շուրջ 200 տարվա ուսումնասիրության պատմություն ունի, սակայն այդպես էլ չի պարզվել այս կրոնական ուղղության և ծագման խնդիրը: Եզդիականության մասին աշխատություններում մենք շատ հաճախ հանդիպում ենք այս կրոնի սինկրետիկ լինելու մասին վկայությունների: Գիտնականների մի մասը սխալ կերպով համարում են, որ եզդիականությունը հանդիսանում է զրադաշտականության, քրիստոնեության, մահմեդականության և նույնիսկ բուդդայականության ու մովսիսականության խառնուրդ: Այս կրոնների ազդեցությունը և դրա հետևանքով առաջացած տարրերը իհարկե կան եզդիականությունում, սակայն դա չի կարելի գերագնահատել:

Մալաք Թավուս(Սիրամարգ-հրեշտակ)

Այս աստվածության մասին խոսելիս ընդունված է նրան կոչել չարիքի արտահայտություն, սատանայի մարմնավորում և այլն: Դա էլ հիմք է տվել եզդիներին համարել սատանայապաշտներ։

Ըստ եզդիականության Աստված երկիրը ստեղծել է Մալաք-Թավուսի օգնությամբ և նրա հետ։ Սակայն Մալաք-Թավուսի հետ էլ ամեն ինչ պարզ չէ։ Որոշ լեգենդներում նա հանդես է գալիս որպես Աստծո օգնական, նրա փոխանորդ, նախկին մերձավոր կամ էլ դրախտից քշված հրեշտակի կերպարով։ Սակայն այս վերջին վարկածը, ամենայն հավանականությամբ, տարածվել է մահմեդականնների կողմից։
 
Սիրամարգը զրադշտականության մեջ նույնպես համարվել է Ահրիմանի ստեղծածը։
Ըստ հյուսիսային Իրաքում տարածված սուֆիական մի ավանդության`   սիրամարգը եղել է չափազանց գեղեցիկ մի թռչուն, սակայն իր գոռոզության համար սատցել է անճոռնի ոտքեր և հեռացվել դրախտից։
 
Եզդիներ գլխավոր աստվածությանը սիրամարգի կերպով պատկերելը, հավանաբար, հարկավոր է բացատրել սուֆիական ազդեցությամբ։ Սուֆիական գաղափարախոսության մեջ այս թռչունը իմաստության և վեհության խորհրդանիշ է։ Պաշտելի Մալաք-Թավուսը մահմեդականների ճնշման տակ դարձել է վտարված հրեշտակի խորհրդանիշ։
Պետք է նշել, որ, ամենայն հավանականությամբ, սիրամարգի պաշտամունքը ստեղծվել է հնդկական թերակղզում և նախապատմական վաղ ժամանակներում տարածված է եղել նաև Մերձավոր և Միջին Արևելքի ժողովուրդների հավատալիքներում։
 
Մալաք-Թավուսը եզդիների ծիսական առարկաների համակարգում պատկերվում է աքաղաղի կերպարանքռվ`   ամրացված աշտանակին: Այսպիսի արձանիկներ պահվում են Լալեշում և ամեն տարի ղավալների (եզդի հոգևորականության ստորին դաս) կողմից ման են ածվում եզդիաբնակ շրջաններում։ Դրանց միջոցով հավատացյալ համայնքից հանգանակություն է գանձվում`   հօգուտ հոգևոր կենտրոնի: Այդ արձանիկները անվանվում են սանջակներ և խիստ գաղտնի են պահվում այլադավաններից։
 
Շեյխ Ադի (Շեյխ Ադի բին Մուսաֆեր)
 
Մալաք-Թավուսից հետո եզդիական պանթեոնի երկրորդ խոշոր դեմքը Շեյխ Ադին է: Եզդիները նրան համարում են Աստծու առաքյալը և հավատում են, որ նա ստեղծվել է Մալաք-Թավուսի ստվերից: Շեյխ Ադին, Մալաք-Թավուսի նման, հանդիսանում է Աստծո փոխանորդը, իսկ որոշ ավանդություններում ստանում է աստծու որոշ ֆունկցիաներ: Հետաքրքիր է այն փաստը, որ Շեյխ Ադին պատմական դեմք է, ծագումով արաբ, Օմայան ազնվական տոհմից: Նրա մասին կարելի է ուշագրավ տեղեկություններ ստանալ արաբական միջնադարյան բազում աղբյուրներից: Մինչև այժմ հայտնի չէ, թե նա ինչու է մտել եզդիական կրոնի սրբերի շարքերը:
 
Եզիդ (Սըլթան Էզիդ)
 
Եզդիական պանթեոնի երրորդ հիմնակն դեմքն է: Գիտական որորշ շրջանակներում տարածված է այն կարծիքը, որ նա մարմնավորում է հին իրանական յազատ-ներին (հին իրանական աստվածություն զոհաբերության արժանի): Ոմանք այս աստվածությանը կապում են Օմայան խալիֆ Եզիդ բին Մուավիայի հետ: Ուսումնասիրողների մի այլ խումբ այս անունը կապում է իրանական Եզդ քաղաքի հետ: Եզիդ բին Մուավիան եղել է խալիֆ ընդամենը 3.5 տարի (680-683): Նա չի կատարել որևէ կարևոր կրոնական աշխատանք: Նրա օրոք սպանվել է խալիֆի թեկնածու Ալի իբն Աբու Թալիբի որդին Հուսեյնը`   Քերբալայի ճակատամարտում: Դրանից հետո Եզիդ անունով սկսել են շիաները անվանել դավաճաններին, անհավատներիրն և սատանայի հետևորդներին կամ սատանայապաշտներին: Հետաքրքրական է այն փաստը, որ եզիդ բառի այդ նշանակությունները կան նաև հայ գրականության մեջ: Մասնավորպես Սայաթ-Նովայի մոտ: Եզդիների թշնամական և մահմեդական հարևաններով շրջապատված լինելը կարող էր նրանց արժանացնել եզիդ կամ եզդիներ կոչմանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: