Առողջապահություն

Երեխայի զարգացման «գաղտնի» շրջանը

Զիգմունդ Ֆրոյդն է այսպիսի խորհրդավոր հասկացություն ընտրել 7-11 տարիքային շրջանը բնութագրելուհամար: «Գաղտնի» կամ «լատենտ» շրջան ասելով`   Ֆրոյդը նկատի ուներ այն, որ սեռական բնազդն այս շրջանում «ընդհատակ» է անցնում, կարծես մարում է, զարգանում գաղտնի ձևով, որպեսզի դեռահասության տարիքում հզոր ձևով ի հայտ գա: Ըստ նրա`   մոտավորապես յոթ տարեկանում վերջնականապես տարանջատվում և ձևավորվում են անձի հիմնական ենթակառույցները`   բնազդային մղումները կրող ես-ը`   «իդ»-ը, գիտակցության կրողը`   իրականության պահանջների հետ հաշվի նստող ես-ը`   էգո-ն և բարոյական ես-ը`   սուպերէգոն: Վերջինիս ճնշման տակ «արտամղվում»`   յուրահատուկ ձևով մոռացվում են նախորդ տարիքային շրջանում ծնողների նկատմամբ ունեցած սիրային ապրումներն ու երևակայությունները, երեխան դրանք արդեն անբարոյական է համարում (ավելի ուշ տարիքում այդ երևակայությունները կարող են ի հայտ գալ միայն հոգեկան ծանր խանգարումների պարագայում, երազներում կամ հիպնոսի վիճակում):

Անբարոյական են համարվում նաև սեռական ոլորտին վերաբերող բոլոր մյուս հարցերը, որոնք հետաքրքում էին երեխային փոքր տարիքում (սեռական օրգանների, երեխաների ծննդի վերաբերյալ և նմանատիպ այլ հարցեր): Այս ամենի հետևանքով սեռականության թեմատիկան խորն ընդհատակ է անցնում, ինչը, ըստ Ֆրոյդի, դպրոցական կրթությանն անցնելու համար խիստ նպաստավոր պայմաններ է ստեղծում:

Գիտնականների մեծ մասը տարիքային այս շրջանի զարգացման առանձնահատկությունները հենց դպրոցի հետ է կապում: Որոշ գիտնականներ նույնիսկ գտնում են, որ կրտսեր դպրոցական տարիքը (7-11 տարեկան) ոչ վաղ անցյալում է ձևավորվել, այն ժամանակներում, երբ երեխաները սկսել են սիստեմատիկ կրթություն ստանալ: Սա, անշուշտ, չափազանցություն է, բայց մի բան ճիշտ է, որ այս տարիքում հենց ուսումնառության ընթացքում են զարգանում հոգեբանական շատ ֆունկցիաներ`   մտածողությունը, ուշադրությունը, հիշողությունը և այլն: 
 
Այս տարիքում մտածողությունը թռիչքային զարգացում է ապրում, այն այլևս միայն պատկերացումներով չի իրականանում,համակարգային բնույթ է ստանում, «շրջելիություն է» ձեռք բերում, այսինքն`   հնարավորություն է ստեղծվում փոխել մտքի ուղղությունը. ասենք, վերադառնալ խնդրի նախնական պայմաններին: Էապես նվազում է եսակենտրոնությունը. երեխան կարողանում է այլ օբյեկտների, մարդկանց դիրքերից ընկալել իրավիճակը: Ի հայտ են գալիս տրամաբանական այնպիսի գործողություններ, ինչպիսիք են դասակարգումը, սերիացիան (որևէ հատկության հիման վրա առարկաների շարքերի կառուցումը), թվաբանական գործողությունները: Երեխան ի վիճակի է դառնում մտահայել ապագան: 
 
Միաժամանակ պետք է ասել, որ երեխայի մտածողությունն այս տարիքում դեռևս սահմանափակ է, խիստ կոնկրետ, նա հաճախ ի վիճակի չի լինում վերացարկվել կոնկրետ իրադրությունից, տրամաբանական մտահանգումներ իրականացնել: 
 
Դպրոցական ուսուցման ընթացքում աստիճանաբար սկսում են ձևավորվել տրամաբանական հիշողությունը և կամածին ուշադրությունը (երեխան ի վիճակի է դառնում կամային ջանքերի միջոցով կենտրոնանալ նյութի վրա): 
 
Էական զարգացում են ապրում երեխայի մտապատկերները: Մինչև յոթ տարեկան հասակը երեխաներն ունենում են միայն իրականում ընկալած իրադարձությունների և օբյեկտների մտապատկերներ, իսկ 7 տարեկանից սկսում է ի հայտ գալ ստեղծագործական մտապատկեր (երեխան ի վիճակի է երևակայական օբյեկտներ ստեղծել մտքում), նրանք կարողանում են նաև փոխել իրենց մտապատկերները, շարժման մեջ դնել դրանք, պատկերացնել ապագան: 
 
Այս տարիքի բնորոշ հատկանիշն այն է, որ երեխան խաղը փոխարինում է նոր գործունեությամբ`   ուսմամբ: Այս գործունեությունը, ի տարբերություն խաղի, «բնությունից» տրված չէ երեխային. ուսուցիչները և ծնողներն են, որ սովորեցնում են նրան սովորել, և շատ կարևոր է, որ այս հանգամանքը նրանք քաջ գիտակցեն, կարողանան ուղղել երեխայի ճանաչողական պահանջմունքը դեպի ուսումնական առարկաները, սովորեցնեն ուսումնական խնդիրներ առաջադրել և լուծել: Այս գործում ահռելի դեր է խաղում խրախուսանքը. պետք է խրախուսել երեխայի ցանկացած հաջողություն, իսկ անհաջողությունների դեպքում ոչ թե վիրավորել, այլ համոզել, որ սխալներն անխուսափելի են և ժամանակի ընթացքում անպայման կվերանան:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: