Հանրագիտարան

Բնական բնույթի արտակարգ իրավիճակներ. Սելավ, ջրհեղեղ, բնական հրդեհ

Իսկ գիտե՞ք, որ մենք՝ մարդիկս, կարող ենք նույնիսկ կանխել արտակարգ իրավիճակներ առաջացնող շատ բնական երևույթներ: Եկեք, անդրադառնանք մի քանի բնական երևույթների ևս.

Սելավներ

Սելավները կարճատև, խորտակիչ ուժ ունեցող սրընթաց հոսանքներ են, որոնք պարունակում են ապարների կոշտ մասնիկներ:

 

Սելավների առաջացումը պայմանավորված է ինչպես լանջերի լվացվող մակերևույթով, այնպես էլ՝ ձնհալքից, տեղատարափ անձրևներից առաջացած ջրային հոսանքներով:

 

Սելավի կանխարգելիչ միջոցառումներն են`  

● կանաչապատել լանջերը,

● կառուցել ափապաշտպան պատնեշներ,

● կառուցել սելավատարներ,

● մաքրել սելավատարներ:

 

Անհրաժեշտ է սահմանափակել գործունեությունը սելավավտանգ տարածքում. չի կարելի շինարարություն կատարել, լանջերի վրա արգելել ոչխարների արածեցումը, քանի որ ոչխարներն իրենց նեղ կճղակներով փխրեցնում են լանջի մակերևույթը, արմատախիլ անում բույսերը:

 

Ջրհեղեղներ

 

Ջրհեղեղը առաջանում է, երբ տեղատարափ անձրևների, ձնհալքի արդյունքում գետի հորդացման, սողանքների, փլուզումների, պատվարների ճեղքման պատճառներով գետերում, լճերում, ծովերում ջրի մակերևույթը բարձրանում է՝ ջրածածկելով ցամաքի զգալի տարածքները:

 

Ջրհեղեղի կանխարգելման նպատակով կառուցվում են գետերի ջրի հոսանքը կարգավորող ջրամբարներ, պաշտպանիչ պատնեշներ, մաքրվում են գետի հունը, բարձրացվում ու ամրացվում են ափերը:

 

Մարդկային գործունեությունը ևս կարող է ջրհեղեղի առաջացման պատճառ հանդիսանալ`   ծառահատումներ, գետերի և հեղեղատների կառուցապատումներ, աղբանետումներ և այլն:

 

Եթե առկա է ջրհեղեղի սպառնալիք, ապա բնակչությանն ազդարարում են այդ մասին, անհրաժեշտության դեպքում`   տարհանում վտանգավոր շրջաններից: Այս դեպքում պետք է բնակա­րաններում անջատել ջուրը, գազը, էլեկտրականությունը, հանգցնել վառարանը:

 

Եթե ջրհեղեղը տեղի է ունեցել հանկարծակի, ապա անհրաժեշտ է շարժվել մոտակա անվտանգ բարձրադիր վայր, իսկ սահմանափակ տարածքում`   բարձրանալ վերին հարկեր, ծառեր և արձակել ազդանշաններ (լուսային, ձայնային):

 

Բնական հրդեհներ

 

Աշխարհի բոլոր երկրներում՝ կախված կլիմայական և եղանակային պայմաններից տեղի են ունենում բնական հրդեհներ: 

 

Բնական հրդեհների թվին են պատկանում անտառային, տափաստանային, հացաբույսային զանգվածների հրդեհները, տորֆային և վառելիքային հանածոների ստորգետնյա մարմանդ այրվելը:  Անտառային հրդեհը բուսականության այրումն է, որը տարածվում է տարերայնորեն:

 

 Անտառային հրդեհները լինում են երեք տեսակ`  

● վերին, երբ այրվում են ծառերի պսակները,

● ստորին, երբայրվում են վերգետնյա ծածկը, թփերը,

● ստորգետնյա, երբ այրվում է 0.3 մ -ից ավելի խոր գտնվող տորֆային շերտը:

 

Ցավոք, անտառային հրդեհների առաջացման 90–95%-ի դեպքում ևս առկա է մարդու ներգործությունը, որն, իհարկե, կարելի է կանխարգելել՝ արգելելով հրդեհավտանգ սեզոնին գետնին գցել վառվող լուցկու, ծխախոտի մնացորդներ, արևի տակ թողնել ապակու կտորներ, խարույկ վառել:

 

Հրդեհի բռնկման դեպքում բնակչությանն ազդարարում են ռադիոյով, տեղեկատվական միջոցնե րով: Բնակիչները նույնպես մասնակցում են հրդեհի կանխարգելմանը և մարմանը:

 

Եթե հրդեհը դեռևս նոր է ծագել, ապա այն անմիջապես անհրաժեշտ է տեղափակել:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: