Հանրագիտարան

Բնական բնույթի արտակարգ իրավիճակներ. Սողանք, փլուզում

Ինչպե՞ս պաշտպանվենք բնական երևույթներից, որոնք անխուսափելիորեն տեղի են ունենում մեր երկիր մոլորակի վրա: Իհարկե, բոլոր դեպքում պետք է զինվել համապատասխան գիտելիքներով, որպեսզի խուճապի չմատնվենք և կարողանանք կառավարել իրավիճակը:

Իսկ գիտե՞ք, որ մենք՝ մարդիկս, կարող ենք նույնիսկ կանխել արտակարգ իրավիճակներ առաջացնող շատ բնական երևույթներ: Եկեք, անդրադառնանք մի քանի բնական երևույթների ևս.

 

Սողանքներ

 

Սողանքները, որոնք այլ կերպ կարելի է անվանել լոկալ երկրաշարժեր, շատ ավելի հաճախ տեղի են ունենում մարդկանց գործունեության պատճառով: Ինչպե՞ս: Դե, երբեմն առանց նախնական մասնա­գիտական հետազոտության`   ճեղքվում են սարեր ու բլուրներ, բացվում են ճանապարհներ ու կառուցվում շենքեր, որոնք էլ սողանքների գլխավոր պատճառ են հանդիսանում:

 

Իսկ ի՞նչ է սողանքը: Սողանքը լեռնային ապարների սահող տեղաշարժն է լանջով, որը տեղի է ունենում ծանրության ուժի ազդեցության տակ: Այսինքն՝ սողանքը լեռնալանջերի, գետահովիտների և արհեստական թեքությունների վրա զգալի չափերի ապարազանգվածի տեղաշարժն է, որը կատարվում է ծանրության ուժի, ջրադինամիկ ճնշման, լանջի վրա արհեստական բեռնվածքի ավելացման (կառուցապատման), սեյսմիկ կամ տեխնածին ցնցումների ուժերի ազդեցությունից:

 

Սողանքների առաջացման պատճառներից են նաև`   ջրով հագենալու հետևանքով հողի բեռնվա­ծության ավելացումը, փոսերի, իջվածքների ու մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի առկայությունը, երկրաշարժից և ուժեղ պայթյուններից առաջացած ցնցումները:

 

Սողանքները մեծ մասամբ առաջանում են մարդու գործունեության հետևանքով`   գյուղա­տնտեսական յուրացման նպատակով լանջերի դարավանդավորման, շռայլ ոռոգման, մոտա­կայքում պայթեցման աշխատանքների և այլն:

 

Սողանքավտանգ տեղանքում սողանքների կանխարգելման միջոցառումներն են`  

● խուսափել  կառուցապատումներից, լանջի ձևափոխումներից, անտառահատումներից,

● կառուցել ջրահեռացման առուներ և կոյուղի,

● մաքրել սելավատարները:

 

Եթե նկատել եք սողանքի նախանշաններ, ապա անմիջապես դիմեք մասնագետներին: Նախանշանները կարող են լինել՝ դռների և պատուհանների փեղկերի սեղմվումը, պատերի վրա ճաքերի առաջացումը, ծառերի և ցանկապատերի տեղաշարժը և այլն:

 

Իսկ գիտե՞ք, որ Հայաստանում կա ավելի քան 3 հազար տարբեր չափերի սողանքային օջախ: Ամենաակտիվներից են Ողջաբերդը, Հաղարծինը, Կապանը, Դիլիջանը, Գոշը, Գնիշիկը, Օձունը:

 

Ցավոք, պետք է նշել, որ Հայաստանի սողանքների ճնշող մեծամասնությունը մարդու ներգործության հետևանք է, երբ առանց մասնագիտական լուրջ հետազոտությունների և հաշվարկների ճեղքվել են սարերն ու բլուրները, կառուցվել ճանապարհ ու երկաթուղի, շենք ու շինություն:

 

Եթե երբևէ գնացել եք Գառնի, ապա պետք է որ ճանապարհին նկատած կլինեք լանջերի անհամաչափությունները, որոնք հենց սողանքի հետևանք են: Ակտիվ սողանքային գործընթացները Ողջաբերդում սկսել են 70-ական թվականներին, երբ Ազատի ջրերն ուղղորդվեցին գյուղ`   առատորեն տրամադրվելով տնտեսություններին: Մինչ այդ, գյուղ մտնող ջուրը միայն լեռնային փոքր աղբյուրներից էր գոյանում, իսկ ոռոգման ջրերի անխնա օգտագործման հետևանքով ակտիվացավ հողերի սահքը: Արդյունքում՝ 1990-1993 թվականներին սողանքն ընդգրկեց գյուղի ողջ տարածքը:

 

Մարդկանց գործունեության պատճառով խախատվել էր հավասարակշռությունը՝ մարդիկ կտրատել էին թեք լանջերը, պատրաստել դարավանդներ, տեղադրել բետոնե կամ քարե հենապատեր, որոնք ոչ միայն գերբեռնում, այլև խախտում են ձնահալոցքային և անձրևային ջրերի բնական հոսքը լանջերով ներքև: Բնականորեն վար հոսելու փոխարեն`   դրանք ներծծվում են լանջերի խորքը, որից հողերը գերխոնավանում են ու կորցնում դիմադրողականությունը: Ցավալի հետևանքն էլ լինում է հողերի սահքը:

 

Փլուզումներ

 

Բնության մեջ երբեմն ականատես ենք լինում նաև ժայռային ցցվածքների, ժայռաբեկորների անկմանը, երբ աննշան ցնցման դեպքում դրանք լանջով գլորվում են ցած: Նմանատիպ փլուզումների հետևանքները կարող են շատ ծանր լինել, որոնք պայմանավորված են ոչ միայն փլուզվող ապարների զանգվածից, այլև անկման բարձրությունից կախված`   շինությունների ավերում, հաղորդակցական ուղիների վնասում, մարդկային զոհեր, անասունների կորուստ:

 

Փլուզման առաջացմանը նպաստում են ապարների ճաքերը, խզվածքները, երբ ջուրը, ձյունը, թափանցելով ժայռաբեկորների ճեղքերը, արագացնում են փլուզումը: Իհարկե, վճռորոշ է նաև մարդկային գործունեությունը, եթե մոտակայքում կատարվում են պայթեցման աշխատանքներ:

 

Փլուզման կանխանշաններից են`   կախված ժայռերում բազմաթիվ ճաքերի առկայությունը, հիմնական ապարներից անջատվող առանձին ժայռերի հայտնվելը:

 

Փլուզումների կանխարգելման անհրաժեշտ միջոցառումներն են`  

● ամրացնել ժայռերն ու խոշոր քարաբեկորները,

● կառուցել պաշտպանիչ հենապատեր,

● առաջացնել արհեստական փլուզում,

● ցանցերով ամրացնել փլուզումավտանգ տարածքի մակերևույթը:

 

Փլուզման ենթակա հատվածներում պետք է սահմանափակել շինարարությունը, իսկ փլուզման սպառնալիքի դեպքում անհրաժեշտ է դադարեցնել տեղաշարժը վտանգավոր տեղամասում և կատարել բնակչության տարհանում:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: