Հանրագիտարան

ՄՄԻ. Մարտական գործողությունների վարման արգելված եղանակներն ու միջոցները

Միջազգային մարդասիրական իրավունքի կողմից պատերազմը ոչ խրախուսվում է և ոչ էլ արգելվում: Միջազգային մարդասիրական իրավունքը հիմնական սկզբունք է սահմանում զինված պայքարի ժամանակ որոշ միջոցների ու եղանակների արգելումը:

Համաձայն այդ սկզբունքի, պատերազմող կողմերն իրավունք ունեն օգտագործել միայն զինված պայքարի այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են հակառակորդին ճնշելու և հաղթանակի հասնելու համար:

 

 Զինված պայքարի ժամանակ արգելված է՝

● հարձակվել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա,

● հակառակորդի քաղաքացիներին ստիպել մասնակցելու իրենց երկրի դեմ ուղղված ռազմական գործողություններին,

● կողոպտել գրավված տարածքների ու բնակավայրերի նյութական արժեքները, ինչպես նաև բնակիչներին,

● պատժամիջոցներ կիրառել պաշտպանությունից օգտվող անձանց դեմ,

● սովի մատնել խաղաղ բնակչությանը կամ ահաբեկել սովի սպառնալիքով,

● հարձակումներ կատարել խաղաղ բնակչության գոյատևման համար անհրաժեշտ օբյեկտների՝ սննդամթերքի պահեստների, ցանքատարածությունների, խմելու ջրի մատակարարման կենտրոնների վրա և այլն,

● վնասել կամ ավերել պատմական հուշարձանները, մշակույթի այլ արժեքները և այլն:

 

Համաձայն Ժնևի 1977 թվականի միջազգային պայմանագրի՝ պատերազմելու արգելված միջոցներից է ուխտադրժությունը, երբ որևէ երկիր կամ զինված խումբ հարձակվում են սպիտակ դրոշ պարզած հակառակորդի ուղղությամբ կամ ձևացնում են, թե շարքից դուրս են եկել՝ օգնության շտապող հակառակորդին ոչնչացնելու նպատակով: Պատերազմելու անընդունելի մեթոդներից են նաև քողարկումը, կեղծ ռազմական գործողությունները կամ ապատեղեկատվությունը, որոնց նպատակն է մոլորության մեջ գցել հակառակորդին, սակայն այս ամենը անընդունելի են, բայց ոչ արգելված։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: