Հանրագիտարան

Միջազգային մարդասիրական իրավունք (ՄՄԻ)

Պատմության էջերը, ցավալիորեն, փաստավավերագրել են պատերազմների վայրա¬գություն¬ներն ու բարբարոսությունները, որոնք երբեմն անդառնալիորեն շրջել են հակամարտող պետություն¬ների պատմական ընթացքը: Անհերքելի է այն փաստը, որ անգամ հաղթանակող կողմի համար պատերազմն առանց զոհերի չի լինում, ու դժվար է ասել՝ հաղթանակն է թանկ, թե հաղթանակի գինը:

Հայ ժողովուրդն էլ դարեր շարունակ կրել է պատերազմների անդառնալի հետևանքները, բայց և այնպես, ի տարբերություն այլ ժողովուրդների, պատերազմի դաշտում առավելագույնս պահպանել է համա­մարդկային արժեքները: Հայ ռազմիկների գթասրտության արտահայտումները երբեք չի կարելի ընկալել որպես թուլություն. Այն անգամ թշնամու խաղաղ բնակչի հանդեպ ունեցած մեծահոգության ու բարեսրտության բարձրագույն դրսևորումն է:

 

Օրինակները շատ են, բայց եկեք հիշենք Արցախյան ազատամարտը, երբ հայկական զինվորական կազմավորումները գրավում էին Խոջալուն և Շուշին, նրանք միջանցք թողեցին խաղաղ բնակչության նահանջի համար, չնայած մինչ այդ ազերիները խոշտանգել ու ողջ-ողջ այրել էին Սումգայիթի հայ բնակիչներից շատերին:

 

Արցախյան ազատամարտի օրերին արված փաստագրական լուսանկարներն էլ անգամ պատմում են հայ ժողովրդի մարդասիրության մասին: Ահա Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը, որը արվել է 1993-ի ապրիլին, Քարվաճառի ազատագրման օրերին, երբ ադրբեջանական գյուղի տղամարդիկ անօգնական և անպաշտպան թողնելով իրենց կանանց, երեխաներին, մայրերին, փախել էին: Սա սիրո, գթասրտության, բարության անառարկելի փաստ է, երբ ոսոխիդ տատին, մորը, քրոջը, կնոջը կամ երեխային ոչ թե սպանում ես, այլ գրկում:

 

Ոչ մի պատերազմ չպետք է մարդուն դարձնի սառնասիրտ ու անգութ. Որքան էլ պատերազմները պարտադրված լինեն, մարդկային էությունը պահպանելն ու մարդու կյանքն արժեվորելը առավել ծանրակշիռ պետք է լինի: Պատերազմների անողոք արհավիրքները մեղմելու, մարդու իրավունքի կանոններ մշակելու փորձերը եղել են դեռևս 4 հազարամյակ առաջ: Ժամանակ­ների ընթացքում մշակվել են բանագնացների անձեռնմխելիության, հրադադարի, հաշտության պայմանագրի, պատերազմող կողմերի ստանձնած պարտավորությունների պարզա­գույն կանոններ:

 

Անդառնալի կորուստներից հետո միայն, երբ քաղաքակրթությունը որոշակիորեն զարգացում ապրեց, անխուսափելի անհրաժեշտություն առաջացավ պատերազմների հարուցած չարիքներից ու հրեշավոր գազանություններից մարդկությանը պաշտպանելու համար ուղիներ փնտրել: 19-րդ դարի երկրորդ կեսից և հատկապես 20-րդ դարում մշակվեցին Միջազգային մարդասիրական իրավունքի նորմեր, որոնք հայտնի են «Զինված ընդհարումների իրավունք», «Պատերազմի իրավունք», «Պատերազմի իրավունքներ և սովորույթներ» և այլ անվանումներով:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: