Հանրագիտարան

Շարային կեցվածք

Շարային կեցվածքի ընդունումը դրսևորում է զինծառայողների կամ հրամանատարների փոխադարձ հարգանքը ազգային խորհրդանիշերի և բարձրաստիճան զինծառայողների նկատմամբ։

Յուրաքանչյուր զինծառայող՝ զինվորական ծառայության առաջին իսկ օրվանից առնչվում է շարային կեցվածքին, իսկ հետագայում՝ ողջ ծառայության ընթացքում այն ուղեկցում է իրեն:

 

Շարային կեցվածքը համարվում է զինծառայության այբուբենը, հետևաբար շատ կարևոր է այն ճիշտ սերտել և յուրացնել, քանի որ այն զինվորների մեջ դաստիարակում է կարգապահություն ու ձգվածություն, զարգացնում է նրանց ուշադրությունը, բարձրացնում է կատարողա­կանությունն, ձևավորում է այլ հմտություններ  ու հատկանիշներ։

 

Զինծառայողը պարտավոր է շարային կեցվածք ընդունել՝ «ԶԳԱ՛ՍՏ» կամ «ՇԱՐՎԻ՛Ր» հրամանների տրման ժամանակ:

 

Հրամանի տրման պահին զինծառայողը պետք է առանց լարվելու կանգնի ուղիղ`   ոտնաթաթերը բացելով թաթի լայնությամբ և հավասարեցնելով ճակատային գծի հետ: Ծնկները պետք է լինեն ուղիղ, գլուխը՝ բարձր, կուրծքը և մարմինը՝ մի փոքր առաջ տված: Անհրաժեշտ է ձեռքերը ցած իջեցնել ազդրերի կողքով. ձեռքերի դիրքը պետք է այնպես լինի, որ դաստակների ափերը՝ կիսախուփ ծալված մատներով, հպվեն ազդրերին:

 

Զինծառայողը շարային կեցված է ընդունում ոչ միայն հրաման ստանալիս, այլև առանձնահատուկ դեպքերում: Նման դեպքերը սահմանված են Կանոնադրությամբ՝  Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի, զինվորական ողջույնի կատարման ժամանակ, զեկույց տալիս, կարգադրություններ անելիս և այլն:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: