Հանրագիտարան

Շարքեր, շարքի տեսակներն ու նրա բաղկացուցիչ մասերը

Ֆիզիկական վարժանքներ կամ խաղերի մասնակցելու համար մենք շատ հաճախ շարքով ենք կանգնում: Այսպես ավելի հեշտ է կանոնակարգել թիմի գործողությունները: Իսկ ահա, զինծառայողների շարքն ունի հատուկ նշանակություն զինված ուժերում:

Նախ՝ եկեք սովորենք շարքի սահմանումը:

 

Զինծառայողների, ստորաբաժանումների ու զորամասերի՝ շարային կանոնադրությամբ սահմանված դասավորությունը համատեղ գործողությունների համար՝ հետիոտն և մեքենայով, կոչվում է շարք:

 

Զինծառայողների շարքը բոլորովին նման չէ սովորական շարքերին, այստեղ կան շարքի բաղկացուցիչ մասեր, որոնք ևս կանոնակարգվում են շարային կանոնադրությամբ:

 

Զինծառայողների շարքի  բաղկացուցիչ մասերն են՝ ճակատը, թիկունքը, թևերը, տարածությունը, հեռավորությունը, լայնությունը և խորությունը:

 

Շարքում գտնվող զինծառայողների դիմային կողմը կոչվում է ճակատ, իսկ  շարքի ճակատի հակադիր կողմը շարքի թիկունքն է:

 

Շարքի աջ և ձախ վերջավորությունները համապատասխանաբար կոչվում են շարքի աջ թև և ձախ ձախ թև: Շարքի աջ թևի ու ձախ թևի անվանումները չեն փոխվում նույնիսկ շարքի դարձումների (աջդարձ, ձախդարձ, հետդարձ) ժամանակ:

 

Շարքի տարածություն է կոչվում շարքի ճակատում զինծառայողների արմունկների միջև եղած արանքը:

Զինծառայողների, ստորաբաժանումների միջև դեպի խորքն ընկած արանքը կոչվում է հեռավորություն:

 

Շարքի թևերի միջև ընկած հեռավորությունը կոչվում է շարքի լայնություն: Առաջին և վերջին տողաններում կանգնած զինծառայողների միջև եղած հեռավորությունը կոչվում է շարքի խորություն:

 

Ծավալուն և երթային շարք: Տողան և շարասյուն

Տողան է կոչվում զինծառայողների այն շարքը, որտեղ զինծառայողները շարված են սահմանված տարածությամբ կողք կողքի, մեկ գծի վրա:

 

Շարքերը կախված իրենց նշանակությունից լինում են ծավալուն և երթային:

 

Մեկ կամ երկու տողանով շարված շարքերը ծավալուն շարքերն են: Ծավալուն շարքը կիրառվում է  այն դեպքերում, երբ իրականացվում են ստուգումներ, ստուգատեսներ, ինչպես նաև զորահանդեսների և շարային հաշվարկների ժամանակ:

 

Երթային շարքը կիրառվում է ստորաբաժանումների շարժման համար և կազմված է շարա­սյուներից:

Միմյանց թիկունքում շարված զինծառայողների և իրար հետև կանգնած ստորաբաժանումների շարքը կոչվում է շարասյուն:  

 

Երթային շարքերը լինում են միաշարասյուն, երկշարասյուն և այլն:

Երկտողան շարքում առաջին տողանի զինծառայողը և նրա թիկունքում կանգնած զինծառայողը կազմում են կարգ: Կարգը համարվում է ոչ լրիվ, եթե առաջին տողանի զինծառայողի թիկունքում՝ երկրորդ տողանում զինծառայող չկա: Քանի որ անհրաժեշտ է, որ վերջին կարգը միշտ լինի լրիվ, հետևաբար երկտողան շարքի հետդարձի ժամանակ ոչ լրիվ կարգի զինծառայողը պետք է անցնի առաջին տողան:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: