Հանրագիտարան

Ավտոմատի ոչ լրիվ քանդելու կարգը

Ավտոմատի քանդման ու հավաքման համար անհրաժեշտ է առանձնացնել հատուկ սեղան, որի վրա հնարավոր կլինի մասերն ու մեխանիզմները դարսել ըստ քանդելու հերթականությամբ:

Շատ կարևոր է զենքի նկատմամբ խնամքով վերաբերվելը, չի կարելի մասերը դարսել իրար վրա: Քանդելու համար կարիք չկա նաև ավելորդ ուժ կամ կտրուկ հարվածներ գործադրել:

 

Ինչի՞ համար է անհրաժեշտ ժամանակ առ ժամանակ քանդել ավտոմատը:

 

Նախ՝ գործածման  ընթացքում  հնարավոր է ավտոմատը կեղտոտված լինի, և անհրաժեշտ լինի փոխել քսուքը և վերանորոգել այն: Նույնիսկ եթե ավտոմատը չի գործածվել և երկար ժամանակ մնացել է անձրևի տակ կամ ձյան ու ավազի մեջ, միևնույն է, այն ենթակա է քանդման: Այս դեպքում իհարկե, ավտոմատը քանդվում է լրիվ:

 

Ավտոմատը  քանդվում է ոչ լրիվ միայն այն դեպքում, եթե կարիք կա միայն այն մաքրելու, յուղելու, ինչպես նաև մասերն ու մեխանիզմները զննելու համար:

 

Ավտոմատի ոչ լրիվ քանդելու կարգը     

 

1. Անհրաժեշտ է անջատել պահեստատուփը: Ավտոմատը պահելով ձախ ձեռքում և բռնելով կոթի վզիկից կամ փողակալից՝ անհրաժեշտ է աջ ձեռքով վերցնել պահեստատուփը, բութ մատով սեղմել մղլակը՝ պահեստատուփի ներքևի մասը տանել առաջ և հանել:

 

2. Անպայման ստուգել փամփշտանոցը:  Անհրաժեշտ է փոխադրիչը իջեցնել ներքև, փակաղակի շրջանակը քաշել հետ, ստուգել ու համոզվել, որ փամփշտանոցում փամփուշտ կա թե ոչ, որից հետո թողնել շրջանակի բռնակը և քաշել հրահանի մարտական ոտքը:

 

3. Հանել պիտույքների պահատուփը: Անհրաժեշտ է աջ ձեռքի մատով կոթի բնի կափարիչը սեղմել այնպես, որ զսպանակի ներգործության տակ պահատուփը դուրս գա բնից:

 

4. Անջատել շամփուրը: Անհրաժեշտ է շամփուրի վերջնամասը փողից ձգել այնպես, որ դուրս գա նշանահատիկի հիմքի հենակից, և հանել:

 

5.Անջատել փողատուփի կափարիչը: Ձախ ձեռքով բռնել կոթի վզիկը, նույն ձեռքի բութ մատով սեղմել հետադարձ մեխանիզմի ուղղորդիչ ձողի ելունը, աջ ձեռքով փողատուփի կափարիչը բարձրացնել և անջատել:

 

6. Անջատել հետադարձ մեխանիզմը: Ձախ ձեռքով բռնելով ավտոմատի կոթի վզիկից՝ աջ ձեռքով առաջ տանել հետադարձ մեխանիզմի ուղղորդիչ ձողիկը՝ մինչև փողատուփի երկայնական փորակից դուրս կգա կրնկի մասը. ուղղորդիչ ձողիկի վերջնամասը բարձրացնել և հետադարձ մեխանիզմը հանել փակաղակի շրջանակի անցքից:

 

7. Անջատել փակաղակի շրջանակը փակաղակով: Շարունակելով ավտոմատը պահել ձախ ձեռքով՝ անհրաժեշտ է աջով փակաղակի շրջանակը մինչև վերջ տանել հետ, բարձրացնել փակաղակի հետ միասին և հանել փողատուփից:

 

8. Փակաղակը անջատել փակաղակի շրջանակից: Անհրաժեշտ է փակաղակի շրջանակը բռնել ձախ ձեռքով (փակաղակը դեպի վեր), իսկ աջ ձեռքով փակաղակը տանել հետ ու շրջել այնպես, որ փակաղակի տանող ելունը դուրս գա շրջանակի ձևավոր կտրվածքից, և առաջ տանելով՝ հանել:

 

9. Անջատել գազախողովակը փողի պահպանակով: Ձախ ձեռքով բռնել ավտոմատը, իսկ աջով պահատուփն ուղղանկյուն անցքով հագցնել գազախողովակի փակիչի ելունի վրա՝ փակիչին տալով ուղղահայաց դիրք, և գազախողովակը հանել գազախցի խողովակաոստից:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: