Հանրագիտարան

Զինծառայողների զինվորական բարեկրթությունը

Մարդկանց հետ հարաբերություններում բարեկրթության պարզագույն նորմերի պահպանումը ոչ միայն հաճելի է ու ճիշտ, այլև խիստ անհրաժեշտ:

Բարեկիրթ լինել նշանակում է հարգանք դրսևորել քո և քեզ  շրջապատողների նկատմամբ: Նմանապես, զինվորական ծառայության ընթացքում յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է պահել զինվորական քաղաքավարության ու բարեկրթության նորմերը: Յուրաքանչյուր զինծառայող պետք է զսպվածության լավագույն օրինակ լինի հասարակության մեջ, սրբորեն պահպանի զինվորական պատիվը. Զինծառայողը հավաքական կերպար է, ում վարքը արտացոլում է ոչ միայն իր, այլև պատկերացում է տալիս զինված ուժերի պատվի մասին:

 

Անկախ այն հանգամանքից, թե զինծառայողն ինչ դիրք ու պաշտոն է զբաղեցում, նա պարտավոր է լինել հարգալից ու զուսպ:

 

Բոլոր զինծառայողները ծառայության վերաբերող հարցերով միմյանց պետք է դիմեն «Դուք»-ով: Սա պարտադիր կանոն է բոլորի համար, քանի որ այս կերպ հարաբերությունները պաշտոնական բնույթ են ստանում:

 

Պետերը և ավագները ծառայության բերումով ենթականերին կամ կրտսերներին դիմելու դեպքում նրանց կոչում են զինվորական կոչումով և ազգանունով կամ միայն կոչումով`   ավելացնելով «պարոն» բառը: Օրինակ`   «Շարքային Հովհաննիսյան», «Պարո´ն շարքային», «Սերժա´նտ Աբրահամյան», «Պարոն սերժանտ» և այլն:

 

Իսկ ռազմական ուսումնական հաստատությունների, ուսումնական զորամասերի սովորողներին դիմելու դեպքում անվանում են «Ուսանո´ղ Հովհաննիսյան», «Պարո´ն ուսանող», «Կուրսա՛նտ Հովհաննիսյան», «Պարո՛ն կուրսանտ», քանի որ նրանք դեռևս չունեն զինվորական կոչում:

 

Երբ ենթականերն ու կրտսերները իրենց պետերին ու ավագներին դիմում են կոչումով կամ ազգանունով`   կոչումից (ազգանունից) առաջ ավելացնելով «պարոն» բառը՝ «Պարո՛ն կապի­տան», «Պարո՛ն Հովհաննիսյան»:

 

Իսկ ինչպե՞ս են դիմում կին զինծառայողներին:  Կանանց կոչում են զինվորական կոչումով և ազգանունով կամ միայն կոչումով կամ ազգանունով`   ավելացնելով «տիկին» կամ «հարգելի» բառերը: Օրինակ`   «Ենթասպա՛ Մինասյան», «լեյտենա՛նտ Կարապետյան» կամ «Տիկի՛ն Մինասյան», «Տիկի՛ն Կարապետյան» կամ «Տիկի՛ն ենթասպա», «Տիկի՛ն կապիտան» և այլն:

 

Այս ամենն իհարկե զինծառայության մեջ գտնվելու ընթացքում ու ծառայողական հարցերով, իսկ առօրյա կյանքում սպաներին թույլատրվում է օգտագործել «սպայի խոսք» արտահայտությունը, ինչը նշանակում է, որ սպան հաստատում է իր խոսքը և դրանով իսկ արժեվորում է իր խոսքը: Իսկ  միմյանց հրաժեշտ տալիս «Ցտեսություն»-ի փոխարեն սովորաբար  ասում են`   «Պատիվ ունեմ»:

 

Հասարակական վայրերում, ինչպես նաև տրամվայում, տրոլեյբուսում, ավտոբուսում, մետրոյի վագոնում և մերձքաղաքային գնացքներում ազատ տեղերի բացակայության դեպքերում զինծառայողը պարտավոր է պետին (ավագին) զիջել իր տեղը:

 

Անթույլատրելի է զինվորական կոչումների աղավաղումը, զինծառայողների կողմից արված անպարկեշտ արտահայտությունների, մականունների և ծաղրանունների գործածությունը, կոպ­տությունն ու արհամարհական վերաբերմունքը, քանի որ նման վարքը անհամատեղելի է զինվորական պատվի հասկացողության և զինծառայողների արժանապատվության հետ:

 

Ինչպես նշեցինք, զինծառայողները պետք է բարեկրթության լավագույն օրինակ լինեն հասարա­կության մեջ. նրանք պարտավոր են հարգանք դրսևորել քաղաքացիների նկատմամբ, հատուկ ուշադ­րություն ցուցաբերել ծերերի, կանանց և երեխաների նկատմամբ, նպաստել քաղաքացիների պատվի և արժանապատվության պաշտպանությանը, ինչպես նաև նրանց օգնություն ցույց տալ դժբախտ պատա­հարների դեպքում, հրդեհների և տարերային աղետների ժամանակ:

 

Անհարգալից և անթույլատրելի է համարվում, եթե զինծառայողը ձեռքերը պահել է գրպանում, կամ իր պետի ներկայությամբ ինքը նստած է կամ ծխում է առանց թույլտվություն հարցնելու, ինչպես նաև զինծառայողին արգելվում է նաև նաև ծխել փողոցում քայլելիս կամ դրա համար չնախատեսված տեղերում:

 

Զինծառայողների վարվեցողության ամենօրյա կարևորագույն չափանիշը՝ մշտապես սթափ կենսաձևն է: Ոչ սթափ վիճակում ծառայության և հասարակական վայրերում հայտնվելը արատավորում է զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը և համարվում է կարգա­պահա­կան կոպիտ զանցանք:

 

Իրավական հիմքեր

ՀՀ  զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրք

Հոդված 65-70

 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: