Հանրագիտարան

Հրաման և կարգադրություն

Սիրելի աշակերտներ, բոլորդ էլ դպրոցում ուսուցիչների կողմից ամեն օր ստանում եք հանձնարարություններ...Իսկ գիտե՞ք, որ զինված ուժերում ևս ցանկացած զինծառայող ունի իր առաջադրանքը: Պարզապես զինված ուժերում նմանատիպ առաջադրանքները տրվում են հրամանի տեսքով:

Հրամանը վերադաս հրամանատարի կամ պետի կարգադրությունն է՝ ուղղված ենթականերին, որն էլ ենթադրում է որոշակի գործողությունների կատարում, տարաբնույթ կանոնների պահպանում կամ կարգերի սահմանում: Նման հրամանը կարող է տրվել գրավոր կամ բանավոր:

           

Դե իհարկե, գրավոր հրամանը համարվում է զինվորական պաշտոնական փաստաթուղթ, որը կարող են հրապարակել միայն զորամասի հրամանատարները: Իսկ բանավոր հրամանները կարող են տալ բոլոր հրամանատարները:

 

Իսկ ի՞նչ է կարգադրությունը: Այն հրամանատարի (պետի) կողմից մասնավոր հարցերի վերաբերյալ առաջադրանքը ենթականերին հասցնելու ձև է: Կարգադրությունը ևս կարող է տրվել գրավոր կամ բանավոր: Գրավոր կարգադրությունը (ինչպես և գրավոր հրամանը) պաշտոնեական պարտադրող փաստաթուղթ է: Հրամանատարի (պետի) կողմից տրվող ցանկացած կարգադրություն (հրաման) պետք է համապատասխանի օրենքների և զինվորական կանոնադրությունների պահանջներին:

 

Հրամանատարը (պետը)  պատասխանատվություն է կրում ինչպես իր տված հրամանի (կարգադրության) օրինականության ու ճշտության, այնպես էլ ենթակայի մարդկային արժանա­պատվությունը ստորացնող գործողությունների համար: Հրամանատարը (պետը) պետք է ենթա­կայի համար լավագույն օրինակ ծառայի:

 

Ենթական պարտավոր է անվերապահորեն, ճշտորեն և նշված ժամկետում կատարել պետի հրամանները, քանի որ հրամանի քննարկումն անթույլատրելի է, իսկ չենթարկվելը կամ հրամանը չկատարելը համարվում է զինվորական հանցագործություն: Զինծառայողը, ստա­նալով հրամանը, պետք է պատասխանի՝  «Լսում եմ» , իսկ  հետո՝  կատարի  այն:

 

Հրամանը կատարելով`   նա կարող է բողոքել, եթե կարծում է, թե իր նկատմամբ ճիշտ չեն վարվել:
 

Իրավական հիմք՝

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրք  

 

Հոդված  37- 41

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: