Հանրագիտարան

Պետեր և ենթականեր

Միանձնյա ղեկավարումը ՀՀ զինված ուժերի ղեկավարման և զինծառայողների փոխհա­րաբերության սկզբունքներից է:

Դա նշանակում է, որ հրամանատարը (պետը) իր ենթականերին կարգադրություններ ու հրամաններ տալու լիարժեք իշխանություն ունի:  

 

Ծառայողական դիրքով ու զինվորական կոչումով պայմանավորված՝ ըստ ենթակայության զինծառայողները կարող են լինել պետեր կամ ենթականեր:

 

Պետն իրավունք ունի ենթակային հրամաններ տալ և պահանջել դրանց կատարումը: Բայց և այնպես, դրանք չեն կարող անցնել ՀՀ Սահմանադրության ու օրենքների, ՀՀ զինվորական կանոնագրքրեի ու հրահանգների, պաշտպանության նախարարի հրամանների ու կարգադ­րությունների սահմաններից դուրս:

 

Պետը ենթակայի համար պետք է լինի զսպվածության, պատվի ու արժանապատվության լավագույն օրինակ և երբեք չպետք նվաստացնի ենթակայի ինքնասիրությունն ու արժանա­պատվությունը: Հակառակ դեպքում պետը պատասխանատվություն է կրում ենթակայի մարդ­կային արժանապատվությունը ստորացնող գործողությունների համար:

 

Ենթական պարտավոր է անվերապահորեն և ճիշտ ժամանակին կատարել պետի հրաման­ները: Եթե անգամ ենթական համարում է, որ իր նկատմամբ անարդար են վարվել, ապա դա իրեն չի ազատում հրամանը կատարելու պարտականությունից: Նա իրավունք ունի բողոքարկելու հրամանը՝ միայն այն կատարելուց հետո:

 

Ուղղակի պետերը այն պետերն են, որոնց զինծառայողները ենթարկվում են ծառայության բերումով, թեկուզ և ժամանակավորապես: Իսկ ենթակային ամենամոտ ուղղակի պետը կոչվում է անմիջական պետ:

 

Եթե զինծառայողներն իրենց ծառայողական դիրքով և զինվորական կոչումով պայմանավորված մյուս զինծառայողների նկատմամբ պետեր կամ ենթականեր չեն, ապա կարող են լինել ավագներ կամ կրտսերներ: Ավագությունը որոշվում է զինծառայողների զինվորական կոչումներով:

 

Իրավական հիմքեր՝

 ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագիրք

Հոդված 31-35

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: