Հանրագիտարան

Ժամանակակից համազորային մարտ. բնութագիրը, տեսակները

Մարտը զինված ընդհարում է, որին մասնակցում են պատերազմող կողմերի զինվորական ստորաբաժանումները:
 
Առանց մարտի հաղթանակը գրեթե անհնար է, հետևաբար պատերազմի մասնակից յուրաքանչյուր կողմը առավելագույն  զինուժն ու ներուժն է ծախսում հակառակորդին ոչնչացնելու, նրա ռազմական կարևորագույն օբյեկտները գրավելու, զինուժը թուլացնելու համար:
 
Մարտը կարող է լինել համազորային, հակաօդային, օդային և ծովային: 
Ժամանակակից մարտը համազորային է, որտեղ անմիջականորեն ներգրավված են բոլոր զորատեսակները իրենց առանձին ստորաբաժանումներով ու զորամիավորումներով, ինչպես նաև հատուկ զորքերը՝ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների փոխգործակցությամբ:
 
Մարտի վարման նպատակները տարբեր են,  որով պայմանավորված տարբերակում են մարտի տեսակները՝ պաշտպանություն և հարձակում:
 
Պաշտպանության ժամանակ մարտնչող կողմի նպատակն է խափանել կամ հետ մղել հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը, պատճառել զինուժի առավելագույն կորուստ՝  ստեղծելով  նպաստավոր պայմաններ վճռական հարձակման անցնելու համար: Պատերազմի սկզբում պաշտպանությունը մարտի կարևորագույն տեսակն է, քանի որ այս դեպքում զորքերը հնարավորություն ունեն որոշակի ժամանակ շահել, խնայել իրենց ուժերն ու միջոցները՝ մինչ նախահարձակումը: 
 
Հարձակումը մարտի հիմնական տեսակն է, որը հակառակորդի նկատմամբ հաղթանակի հասնելու առավելագույն հնարավորությունն է ընձեռում: Իհարկե, միայն վճռական հարձակումը կարող է ամբողջովին ջախջախել հակառակորդին: Հետևաբար, հարձակումից առաջ, սովորաբար, անցկացվում է կրակային նախապատրաստություն: 
 
Առանց կրակային նախապատրաստության հնարավոր չէ իրականացնել փոխհամա-ձայնեցված գործողություններ, քանի որ միայն հրետանու և օդուժի նախօրոք պլանավորված ու նախապատրաստված հզոր հարվածներով է հնարավոր ոչնչացնել հակառակորդի պաշտպա-նության կարևոր օբյեկտները և կրակային կետերը: 
 
Հարձակման ամենավճռական պահը գրոհն է, որի ժամանակ բարձր լարվածության կրակով ստորաբաժանումներն արագընթաց և անդադար տեղաշարժվում են հակառակորդի ուղղությամբ՝ հակառակորդի կենդանի ուժն և կրակային միջոցները  ջախջախելու ու գրավելու  նպատակով:
 
Հանդիպական մարտը հարձակվող հակառակորդի վրա հարձակումն է, որի ժամանակ պատերազմող երկու կողմն էլ ձգտում է առաջադրված խնդիրը կատարել հարձակումով: 
 
Իսկ ահա նահանջող հակառակորդի վրա հարձակումը կատարվում է հետապնդումով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: