Հանրագիտարան

Մոտոհրաձգայի ջոկի երթակարգը և մարտակարգը

Համազորային մարտ վարելիս մոտոհրաձգային ստորաբաժանումները տեղաշարժվում ու գործում են երթակարգով, նախամարտակարգով և մարտակարգով:

            Հակառակորդի գործողություններով, ինչպես նաև տեղանքով պայմանավորված՝ մոտոհրաձգային ջոկը կարող է տեղաշարժվել երթակարգով և մարտակարգով:

 

            Մոտոհրաձգային ջոկի երթակարգը հետիոտն կարգով միաշարասյուն կամ երկշարասյուն շարքի տեղաշարժումն  է: Դրա նպատակն է ապահովել շարժման բարձր արագություն, մարտա­կարգի արագ ծավալում, ինչպես նաև զինված ուժերի անձնակազմի ու տեխնիկայի պահպանում ու խնայում:

 

            Մոտոհրաձգային ջոկի մարտակարգը զինվորների դասավորությունն է մարտ վարելու համար, որի նպատակն է ապահովել կրակ վարելու անընդմեջություն, հակառակորդի կրակից անձնա­կազմի խոցելիության նվազեցում: Մոտոհրաձգային ջոկի մարտակարգը հետիոտն հարձակվելիս զինվորների շղթա է, որտեղ զինվորների միջև տարածությունը պետք է լինի 6–8 մ (8–12 քայլ), իսկ նռնականետորդի և օգնականի միջև`   1–2 մ:

 

            Շղթայի հետևից շարժվում է հետևակի  մարտական մեքենան (ՀՄՄ) կամ զրահապատ փոխադրիչը (ԶՓ)`   իր կրակով աջակցելով ջոկին:

 

            Ջոկը հարձակվում է մինչև 50 մ ճակատով, իսկ դասակի կազմում ջոկերի միջև հեռավորությունը պետք է լինի մինչև 50 մ: Ջոկի այդպիսի մարտակարգը հնարավորություն է տալիս խնդիրը հաջողությամբ կատարել, նվազեցնել կորուստները հակառակորդի կրակից, ղեկավարել կրակը ձայնով կամ ազդանշանով, պահպանել զինվորների միջև փոխգործակցությունը:

 

                 Պաշտպանությունում ջոկը զբաղեցնում է մինչև 100 մ ճակատով դիրք: Այսպիսով ջոկը առավելապես պատրաստ է  հետ մղել հակառակորդի գերազանցող ուժերի գրոհը, քանի որ ունի կրակային միջոցների համար հիմնական և պահեստային դիրքեր:

 

            Ջոկի հրամանատարի գտնվելու տեղանքը պետք է նպատակահարմար լինի ջոկը ղեկավարելու,  տեղանքը դիտարկելու և դասակի հրամանատարի ազդանշաններին հետևելու համար:

 

Ջոկի մարտակարգում գնդացրորդը տեղավորվում է ջոկի հրամանատարի կողքին: Ջոկի հրամանատարի կողքին պետք է գտնվի նաև ավագ հրաձիգը, քանի որ նա պետք է մշտապես պատրաստ լինի փոխարինելու հրամանատարին`   մարտում նրա մարտունակության կորստյան դեպքում: Իսկ նռնականետորդի տեղը որոշվում է պայմանավորված հակառակորդի տանկերի շարժման հավանական ուղղություններից:

 

            Պաշտպանելով սահմանագիծը (դիրքերը) մինչև 100 մ ճակատով, ջոկը կարող է հետ մղել հակառակորդի`   տանկերով ուժեղացված մոտոհետևակային դասակի գրոհը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: