Հանրագիտարան

Զինծառայողների ընդհանուր պարտականությունները

Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտականությունն է օրենքով սահմանված կարգով մասնակցել ՀՀ պաշտպանությանը: Զինված ուժերում ևս յուրաքանչյուր զինծառայողի համար սահմանված են պարտականություններ, որոնք ամրագրված են օրենքով և ենթակա են պարտադիր կատարման:

Ըստ զբաղեցրած պաշտոնի և կոչման կրման՝ զինծառայողները կարող են ունենալ իրավունքների ու պարտականությունների տարբեր շրջանակ, բայց և այնպես, կան նաև ընդհանուր պարտականություններ, որոնք տարածվում են ՀՀ զինված ուժերի բոլոր զինծառայողների վրա: Բոլոր դեպքերում ՀՀ զինված ուժերի զինծառայողը ծառայության ժամանակ պարտավոր է ղեկավարվել օրենքների, զինվորական կանոնա­դրություն­ների պահանջներով, ինչպես նաև հրամանատարների հրամաններով:

 

Եկեք միասին ուսումնասիրենք զինծառայողների ընդհանուր պարտականությունները.

 

1. Յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է հավատարիմ մնալ երդմանը (չէ՞ որ նա զինծառայությունը սկսելուց առաջ երդում է տվել)՝ անձնվիրաբար ծառայել Հայրենիքին,  չխնայել կյանքը հանուն Հայրենիքի պաշտպանության:

 

2. Որպես  զինծառայող նա պարտավոր է խստորեն պահպանել ՀՀ սահմանադրությունն ու օրենքները, ղեկավարվել զինվորական  կանոնադրությունների պահանջներով:

 

3. Յուրաքանչյուր զինծառայող՝ անկախ իր մասնագիտական որակավորումից, պարտավոր է ոչ միայն գերազանցապես տիրապետել իր ռազմական մասնագիտական գիտելիքներին, այլև մշտապես աշխատել գիտելիքների ու զինվորական վարպետության կատարելագործման  ուղղությամբ,

 

4. Զինծառայությունը ենթադրում է անկանխատեսելի իրավիճակներ, հետևաբար յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է մշտապես լինել զգաստ վիճակում՝  ոչ միայն իմանալ, այլև գործադրման նպատակով մշտապես պատրաստ պահել  իրեն հանձնված սպառազինությունն ու մարտական տեխնիկան, պահպանել պետական ու ռազմական ունեցվածքը,

 

5. Զինծառայողը պարտավոր է հանդես գալ խելամիտ նախաձեռնություններով, ազնվորեն ու խիզախորեն կատարել զինվորական պարտքը,

 

6. Զինծառայողը պարտավոր է անվերապահորեն ենթարկվել հրամանատարներին (պետերին),  մարտական դրությունների ժամանակ պաշտպանել ոչ միայն նրանց, այլև զորամասի մարտական դրոշը,

 

7. Զինծառայողները պարտավոր են ընկերասիրաբար վերաբերվել մեկը մյուսին՝  սեփական կյանքը չխնայելով փրկել ընկերոջը վտանգից, օգտակար լինել միմյանց՝ քաջալերել խոսքով ու գործով, հարգանքով վերաբերվել միմյանց՝ հարգելով յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, պաշտպանել զինակից ընկերոջը՝  թույլ չտալով  անարգանք  ու ծաղրուծանակ նրա նկատմամբ:

 

8. Զինծառայող պարտավոր է պահպանել զինվորական կարգուկանոնը՝ վարքի ու զինվորական ողջույնի կանոնները,  համազգեստի կրման կանոնները՝ լինել մաքուր ու խնամված,

 

9. Յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է խստորեն պահպանել պետական ու ռազմական գաղտնիքը, լինել չափազանց զգուշավոր ու աչալուրջ՝ թույլ չտալով գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսք:

 

 

Իրավական հիմքեր՝

ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագիր

Հոդված 13.

 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: