Հանրագիտարան

Զինվորական երդում

Հայկական բանակ զորակոչված յուրաքանչյուր քաղաքացի ծառայությունը սկսելուց առաջ հանդիսավորությամբ երդում է տալիս՝ իր զինակիցների ու հրամանատարների ներկայությամբ, զենքը ձեռքին, մարտական դրոշի ներքո:

             Զինվորական երդումը տրվում է անհատապես և հաստատվում սեփական ստորագ­րությամբ:

 

            Մինչև զորակոչիկները երդում կտան, զինվորական մասի հրամանատարը կարճ ճառով հիշեցնում է նրանց զինվորական երդման կարևորագույն նշանակությունը՝ պատասխանատու քայլի պարտա­կանությունը, որը դրվում է Հայրենիքին հավատարիմ լինելու երդում տված զինծառայողների վրա:

 

      Զինվորական երդման արարողությունը սովորաբար անցկացվում է այն զորամասում, որտեղ զորակոչված է տվյալ զինծառայողը: Բայց և այնպես, այն կարող է անցկացվել  նաև պատմական վայրերում, մարտական և աշխատանքային փառքի վայրերում, ինչպես նաև Հայրենիքի պաշտպա­նության համար մղված մարտերում զոհվածների գերեզմանների մոտ: Նման դեպքերում  երդման արարողության վայր են բերվում միայն երդում տրվող զինծառայողները:

 

      Երդման արարողության օրը զորամասի համար համարվում է ոչ աշխատանքային և անցկացվում է որպես տոնական օր՝ զորամասի մարտական դրոշի և զինվորական նվագախմբի ուղեկցությամբ:

      

      Յուրաքանչյուր զինծառայող ստորաբաժանման շարքի առջև բարձրաձայն կարդում է զինվորական երդման տեքստը, որը հաստատվել է ՀՀ Գերագույն խորհրդի 1991թ. դեկտեմբերի 27-ին ընդունած օրենքով. 

 

<<Ես`   __(անուն, հայրանուն, ազգանուն)--------,

ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ`  

անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս`   Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս,

ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին,

անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:

Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ>>:

 

Այս ամենը հաստատվում է նաև անձնական ստորագրությամբ, որը դրվում է նախապես պատրաստված բլանկների վրա:

 

Զորամասի հրամանատարի շնորհավորական ուղերձից հետո զինվորական նվագախումբը կատարում է պետական օրհներգը:

 

 Զինծառայողի զինգրքույկում և հաշվառման-ծառայողական քարտում կատարվում է զորամասի շտաբի պետի նշումը «Զինվորական երդում է տվել (ամսաթիվ, ամիս, տարի)»:

 

Իրավական հիմքեր՝

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրք  

Հավելված 1, կետ 1, 5- 8

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: